Երևան`   +25 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

«50 դրամանոց գրիչ վաճառողի՞ն ենք հարկում». Թեհմինա Վարդանյան

624
Երեքշաբթի, 08 սեպտեմբերի, 2020 թ., 15:15
«50 դրամանոց գրիչ վաճառողի՞ն ենք հարկում». Թեհմինա Վարդանյան

Երևանի ավագանին քննարկում է փողոցներում, հրապարակներում, զբոսայգիներում և այլ տարածքներում շրջածախ առևտրի իրականացմանը ներկայացվող պահանջները, պայմանները, վաճառվող ապրանքների տեսակները և առևտրի իրականացման թույլատրելի վայրերը սահմանելու մասին հարցը:

Ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանն իր բացասական կարծիքը հայտնեց նախագծի վերաբերյալ. «Ինչպե՞ս ենք մենք պատկերացնում սոցիալապես անապահով պայմաններում ապրող և փողոցում առևտուր անող մարդկանց ՀԴՄ սարք պարտադրելը: Այսինքն՝ այս նախագծով մենք փուչիկ վաճառողին ասում ենք՝ գնա՛, գրանցվի՛ր որպես իրավաբանական անձ, ձեռք բեր ՀԴՄ տպող սարք և քո գործառույթներն իրականացրու այդ շրջանակներո՞ւմ»:

Իր հերթին Թեհմինա Վարդանյանը նշեց՝ երբ նախագիծը ներկայացվում էր, տպավորություն էր ստեղծվել, թե խոսքը Սինգապուրի մասին է. «Մենք հիմա խոսում ենք փուչիկ վաճառողի, անձեռոցիկ վաճառողի մասին: Ոչ մեկիս համար գաղտնիք չէ, որ նրանք լուրջ տնտեսվարողներ, բիզնեսմեններ չեն, այսինքն՝ օրվա երկու կոպեկ փողն են վաստակում, ուզում եմ հասկանալ՝ էլ ինչքա՞ն ենք մենք պարանը սեղմելու քաղաքացու վզին»,- դիմելով քաղաքապետարանի հեղինակած նախագիծը ներկայացնող առևտրի և սպասարկումների վարչության պետ Հովիկ Սաֆարյանին՝ հարցրեց Թեհմինա Վարդանյանը:

Ի պատասխան Հ. Սաֆարյանն ասաց, որ «պարզապես հարցին կարգավորում են տվել»: «Ավելի հեշտ կլիներ արգելել փողոցային առևտուրը, բայց մենք այդ ճանապարհը չընտրեցինք: Մենք ընտրեցինք կարգավորման ճանապարհը: Մենք մարդուն հնարավորություն ենք տալիս աշխատել օրինական դաշտում»,- ասաց նա:

Սաֆարյանի պատասխանը չբավարարեց Վարդանյանին. «Էդ աստիճանի խնդիր չկա քաղաքում լուծելու, որ 50 դրամանոց գրիչ վաճառողին ենք հարկո՞ւմ: Ես ուղղակի ապշում եմ: Մարությանն էստեղ լիներ՝ փուչիկ կդնեի ձեռքը, որովհետև նա է քաղաքապետը և ի վերջո նա է դրա տակ ստորագրել, որ նախագիծն այստեղ է հասել»,- ասաց Թեհմինա Վարդանյանը: