Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Պատրաստ եմ հանդիպել ադրբեջանցի գործընկերոջ հետ թեկուզ վաղը». ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցը #INTERFAX-ին

862
Երկուշաբթի, 31 օգոստոսի, 2020 թ., 22:36
«Պատրաստ եմ հանդիպել ադրբեջանցի գործընկերոջ հետ թեկուզ վաղը». ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցը #INTERFAX-ին

Զոհրաբ Մնացականյանը Interfax-ի թղթակցին տված հարցազրույցում խոսել է ԼՂՀ խնդրի լուծման ուղիների, Հայաստանի և Ադրբեջանի հետ Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության, ինչպես նաև Բելառուսում տեղի ունեցող իրադարձությունների մասին։
-Հայ-ադրբեջանական սահմանին վերջին սրացումը պատմության մեջ առաջինը չէ, բայց, կարծես, առաջին անգամ է, որ այն ուղեկցվում է աշխարհի տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Մոսկվայում, հայերի և ադրբեջանցիների միջև էթնիկ բախումներով։ Ինչո՞վ եք դա բացատրում։ Եվ ինչ է պետք ձեռնարկել հետագայում նման միջադեպերից խուսափելու համար։
- Խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի համար կարևոր սկզբունք է խաղաղությանը նպաստող առավելագույն ջանքերի գործադրումը։ Անհնար է խաղաղ բանակցային գործընթաց վարել ատելության մթնոլորտի, պատերազմի հռետորաբանության և ուժի սպառնալիքի առկայության դեպքում։ Անիմաստ է առաջընթաց ակնկալել բանակցություններում, երբ Ադրբեջանը մի կողմից ատելություն է հրահրում, մյուս կողմից՝ խոսքով ձգտում խաղաղության։
- Իսկ ի՞նչ անել, որպեսզի հետագայում նման բախումներից խուսափենք:
-Նախ պետք է լինի խաղաղ գործընթացի անհրաժեշտության գիտակցումը։ Պետք է լինի քաղաքական կամք, և պետք է լինեն կոնկրետ քայլեր։
- Կարծիք կա, որ Հայաստանին այնքան էլ պետք չէ կարգավորել Լեռնային Ղարաբաղի հարցը, թե իբր հողերը վերցրել են, և ձեռնտու է ստատուս քվոն։ Ինչպ՞ես կմեկնաբանեք դա։
- Ես չեմ կարող համաձայնել այդ կարծիքին։ Եʹվ Հայաստանը, ևʹ Լեռնային Ղարաբաղը շահագրգռված են տարածաշրջանում կայուն խաղաղության հարցում։ Միակողմանի զիջումները բացառվում են, դրանք հեռանկար չեն կարող ունենալ։
- Ի՞նչ եք մտածում Ռուսաստանի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի դերի մասին։ Համաձա՞յն եք, որ պետք է փոխել բանակցությունների ձևաչափը։
- Սա միջազգային հանրության կողմից ճանաչված ձևաչափ է, որը ներառում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երեք մշտական անդամ, որոնք ունեն բավական ուժեղ ռեսուրս՝ քաղաքական, դիվանագիտական, միջնորդության ֆունկցիա իրականացնելու համար։
Ռուսական կողմի ջանքերը շատ արդյունավետ էին, դա դրսևորվեց թեʹ հուլիսին, թեʹ դրանից առաջ տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ։ Ես վստահ եմ, որ Ռուսաստանի ներգրավվածությունը բոլոր մակարդակներում ընդգծում է այն լրջությունը, որ Ռուսաստանն ունի այս գործընթացի վերաբերյալ, և այն կարևոր ներդրումը, որ Ռուսաստանն ապահովում է մյուս համանախագահների հետ խաղաղ կարգավորման ուղղությամբ աշխատանքում։
- Պատրա՞ստ եք հանդիպել Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ:
- Մշտապես բաավականին մեծ աշխատանք է կատարվել եռանախագահների կողմից տարբեր ուղղություններով։ Դա ուղղակիորեն ներառում էր կարգավորման հարցերը։ Աշխատանքի շատ կարևոր մաս է մնում հրադադարի ռեժիմի ամրապնդումն ու միջազգային մշտական վերահսկողական մեխանիզմների ներդրումը։ Մենք հավատարիմ ենք մնում աշխատանքների ողջ սպեկտրի շարունակությանը և, բնականաբար, մենք պատրաստ ենք հանդիպել, և, իհարկե, մենք պատրաստ ենք շարունակել այդ աշխատանքը։
Հայաստանի համար Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը բացարձակ առաջնային է։