Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Մասիս Մայիլյանին վերագրել են իր կողմից չարտահայտած մտքեր. Արցախի ԱԳՆ

536
Ուրբաթ, 14 օգոստոսի, 2020 թ., 19:45
Մասիս Մայիլյանին վերագրել են իր կողմից չարտահայտած մտքեր. Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը կտրականապես հերքում է Topwar.ru ռուսական կայքի հաղորդագրությունը, որտեղ հղում կատարելով Defense24 լեհական գործակալության հրապարակմանը՝ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանին են վերագրվում հետևյալ խոսքերը, որոնք իբրև թե արտահայտվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության մեջ Թուրքիայի հնարավոր միջամտության համատեքստում. «Եթե նման օգնություն (Ռուսաստանի կողմից - Արցախի ԱԳՆ մամուլի ծառայություն) չտրամադրվի, ապա Հայաստանը ռուսներին կհեռացնի իր տարածքից, իսկ դա կնշանակի Կովկասում ռուսական ազդեցության ավարտ»:

Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ լեհական գործակալության բնօրինակ հոդվածի հետ ծանոթությունը կասկածի տեղ չի թողնում, որ վերը նշված բառերը պատկանում են պաշտոնաթող զինծառայողի, այլ ոչ թե նախարար Մայիլյանին:

«Հույս ունենք, որ փաստի նմանատիպ կոպիտ աղավաղումը ոչ թե միտումնավոր ապատեղեկատվության, այլ թարգմանության տխրահռչակ բարդությունների հետևանքով առաջացած տեխնիկական սխալի արդյունք էր: Նմանատիպ եզրակացությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Topwar.ru ռուսական առցանց ռեսուրսն ինքն է կասկածի տակ դնում նախարարի նմանատիպ կարծիքը՝ նշված խոսքերն ուղեկցելով հետևյալ բառերով՝ «իբրև թե հայտարարել է Արցախի ԱԳՆ ղեկավարը»: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը հույս ունի, որ ռուսական լրատվական գործակալությունը կառուցողականություն կցուցաբերի և անհապաղ կշտկի թույլ տված սխալը»,-ասված է հաղորդագրության մեջ: