Երևան`   +13 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Ադրբեջանի և Թուրքիայի հայտարարած համատեղ զորավարժությունները երկարաձգվել են». Տիգրան Աբրահամյան

359
Չորեքշաբթի, 12 օգոստոսի, 2020 թ., 18:10
«Ադրբեջանի և Թուրքիայի հայտարարած համատեղ զորավարժությունները երկարաձգվել են». Տիգրան Աբրահամյան

Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ադրբեջանի և Թուրքիայի հայտարարած համատեղ զորավարժությունները, որոնք պաշտոնապես նախատեսված էին անցկացնել հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը, փաստացի երկարաձգվել են։
Նման եզրակացություն կարելի է անել Ադրբեջանի պաշտպանության նախարարության այսօրվա հաղորդագրությունից, որով ոչ միայն տեղեկացվում է Թուրքիայի պաշտպանության նախարարի, գլխավոր շտաբի պետի այցի մասին, այլ նրա, որ Թուրքիայից ժամանած հյուրերը հետևելու են զորավարժությունների առաջին փուլի եզրափակիչ դրվագներին։

Կրկնում եմ՝ նախապես հրապարակված պլանով, զորավարժությունները օգոստոսի 10-ին պետք է ավարտվեին, սակայն ինչ-ինչ պատճառներով, դրանք դեռևս շարունակվում են։

Թե քանի փուլով կընթանան այդ զորավարժությունները և ինչ նոր ընթացք կստանան, դեռ դժվար է ասել, սակայն ակնհայտ է, որ պաշտոնապես հայտարարված ժամկետները չեն պահպանվում։
Հաշվի առնելով տարածաշրջանում առկա բարդ ռազմաքաղաքական իրադրությունը և բանակցությունների փակուղում գտնվելը, առկա զարգացումները նոր լարվածության հնարավորություն են ստեղծում։

Այս առումով մեծ անելիքներ ունեն նաև միջնորդ երկրները՝ տարածաշրջանային նոր սպառնալիքների չեզոքացման, Թուրքիայի ախորժակը զսպելու և Ադրբեջանին քաղաքական դաշտ վերադարձնելու ուղղությամբ»։