Երևան`   +21 °C
Այսօր`   Ուրբաթ, 25 սեպտեմբերի, 2020 թ.

«Անկախ Սևրի պայմանագրի վավերացված լինել-չլինելուց՝ այն կատարման համար պարտադիր փաստաթուղթ է». Արա Պապյան

163
Երկուշաբթի, 10 օգոստոսի, 2020 թ., 12:50
«Անկախ Սևրի պայմանագրի վավերացված լինել-չլինելուց՝ այն կատարման համար պարտադիր փաստաթուղթ է». Արա Պապյան

«Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի ղեկավար, դիվանագետ Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կրկին Սևրի պայմանագրի վավերացված չլինելու մասին:

Այն, որ Սևրի պայմանագիրը վավերացված չէ, փաստ է: Դա սովետական քարոզչության ամենահնչեցված մտքերից է: Այս ասելով ուղղակի կամ անուղղակի այն միտքն էր հաղորդվում, որ Սևրի պայմանագիրը չունի իրավական ուժ: Այդուհանդերձ, փորձ չէր արվում բացատրել հետևյալը. եթե Սևրի պայմանագիրն իրավական ուժ չունի, ապա ինչպե՞ս է ստացվել, որ մինչև Լոզանի պայմանագրի ուժի մեջ մտնելը Միջին Արևելքում Օսմանյան կայսրության որոշ տարածքների նկատմամբ (ներկայիս հետևյալ պետությունների տարածքները՝ Սիրիա, Լիբանան, Հորդանան, Իսրայել, Պաղեստինի իշխանություններ) օսմանյան տիտղոսը համարվել է առ ոչինչ ու դրանց տրվել է ենթամանդատային տարածքների կարգավիճակ: Հիշեցնեմ, որ, ըստ Ազգերի լիգայի կանոնակարգի (հոդված #22), միայն Օսմանյան կայսրության նախկին տարածքների վրա կարող էին հաստատվել А կարգի մանդատներ: Այսինքն՝ ո՞րն է վերոնշյալ պետությունների ներկայիս գոյության իրավական հիմքը: Թե նման հիմքեր չե՞ն եղել ու չկա՞ն:

Պատասխանը շատ պարզ է՝ անկախ Սևրի պայմանագրի վավերացված լինել-չլինելուց՝ այն կատարման համար պարտադիր փաստաթուղթ է, քանի որ պայմանավորվող կողմերը տվել են իրենց համաձայնությունն ստանձնել պայմանագրով նախատեսված պարտավորությունները: Այս դրույթն ամրագրված է Պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կանվենցիայի # 2 (f) հոդվածում:

Article 2, (f) «Contracting State» means a State which has consented to be bound by the treaty, whether or not the treaty has entered into force.

Հոդված 2(f) «Պայմանավորվող երկիր» նշանակում է երկիր, որը տվել է իր համաձայնությունը ստանձնել պայմանագրի պատրավորությունները, անկախ այն հանգամանքից պայմանագիրը մտել է ուժի մեջ, թե՞ ոչ:

Հիշեցնեմ, որ Սևրի պայմանագիրն ստորգրվել է Բարձր պայմանավորվող կողմերի (HIGH CONTRACTING PARTIES) միջև:

Այս ասելով հանդերձ՝ մեկ անգամ ևս հիշեցնեմ, որ Հայաստանի Հանրապետության տարածքային իրավունքները խարսխվում են ոչ թե Սևրի պայմանագրի, այլ Վիլսոնի իրավարար վճռի վրա»: