Երևան`   +10 °C
Այսօր`   Շաբաթ, 19 սեպտեմբերի, 2020 թ.

«Նիկոլի թվի ներդրումները՝ կոկորդիլոսաբուծարանից մինչև խելացի քաղաք». Գագիկ Համբարյան

339
Շաբաթ, 08 օգոստոսի, 2020 թ., 21:55
«Նիկոլի թվի ներդրումները՝ կոկորդիլոսաբուծարանից մինչև խելացի քաղաք». Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Նիկոլի թվի ներդրումները՝ կոկորդիլոսաբուծարանից մինչև խելացի քաղաք

Իշխանատեղափոխությունից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացավ տնտեսական և ներդրումային հեղափոխություն իրականացնել մեր փոքր երկրում, ինչը երկար սպասեցնել չտվեց:
Նրա թիմակիցները սկեցին խոսել Արարատի մարզում կոկորդիլոսաբուծարան հիմնադրելու, ինչպես նաև Գյումրիի օդանավակայանի մոտ ինքնաթիռների արտադրամաս հիմելու մասին: Այդ խոստումներից արդեն անցել է մոտ 2 տարի, սակայն որևէ լումա ներդրում այդ խոստումների պահով չի կատարվել, ինչը սպասելի էր:
Իսկ մինչ ամբողջ աշխարհը պայքարում է կորոնավիրուսի հետևանքով ահագնացող տնտեսական ճգնաժամի դեմ, Հայաստանը դարձել է որոշ ներդրողների համար «նյու Վասյուկի», որտեղ Արարատում չկայացած կոկորդիլոսաբույծը հայտարարում է, որ 610 միլիոն դոլարով օդային տրամվայ կկառուցվի Գյումրիում, իսկ երեկ էլ ինչ-որ չինացի ներդրող հայտարարել է, որ 15 միլիարդ դոլարով 10-15 հազար բնակչությամբ «խելացի քաղաք» կկառուցվի Հայաստանում: Զավեշտը և ողբերգությունն այն է, որ այս ֆանտասմագորիկ և բացահայտ ուտոպիստական ծրագրերը գովազդելուն շատ ակտիվ լծված են իշխանության ներկայացուցիչները և հատկապես Նիկոլի թիմակիցները...
Հետաքրքիր է, նրանք այդքան պրիմիտիվ տգե՞տ են, թե՞ հասարակության մեծ մասին են հիմարի տեղ դրել և մտածում են, որ նորմալ որևէ մեկը կարող է հավատալ վերը նշված որևէ ծրագրի իրագործմանը Հայաստանում... Լավ կլինի Գյումրիում օդային տրմավայ կառուցողները ոչ թե խոսեն 610 միլիոն դոլար ուտոպիստական ներդրումների մասին, այլ գոնե 6 միլիոն դոլարի ներդրում անեն Շիրակի մարզկենտրոնում... Լավ կլինի՝ Նիկոլի ապագայում 15 հազար բնակչություն ունեցող «խելացի քաղաքով» հրճվող թիմակիցները մտածեն ահագնացող արտագաղթի և ՀՀ քաղաքացիությունից հրաժարվողների մասին... Կոկորդիլոսաբուծարանի փոխարեն թող նիկոլականներից ինչ-որ մեկը թռչնաբուծարանի ներդրող բերի...
Լավ կլինի՝ Նիկոլն ու իր թիմը վերջ տան իրենց կողմից «ներդրումային աղբի» տարածմանը, որը նաև հայտնվում է ԶԼՄ-ներում... Ամո՛թ է... Որքա՞ն կարելի է մարդկանց կեղծիքներով կերակրել...
Նիկոլը Վրաստանի իշխանությունների 0.1 տոկոսը չի անում Հայաստանի բնակչության համար, իսկ նրանց սպասարկողները և թիմակիցները զբաղված են հասարակությանը Գյուլնազ տատի ներդրումային հեքիաթների մատուցմամբ...
Հ.Գ. Գյումրվա օդային տրամվայի առաջին ուղևորը լինելու է Նիկոլը, ով «Անասնաֆերմա» կայարանից կմեկնի «1984» կայարան, որի մոտ գնտվող օդավնավակայանից հայկական արտադրության առաջին՝ «Nikcorde» գերձայնային ինքնաթիռով կմեկնի հայաստանյան առաջին Սան-Նիկոլ խելացի քաղաք»: