Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

ՊԵԿ-ը խիստ հսկողություն կիրականացնի առանց ՀԴՄ-ի գործունեություն իրականացնող հարկ վճարողների նկատմամբ

468
Հինգշաբթի, 06 օգոստոսի, 2020 թ., 17:00
ՊԵԿ-ը խիստ հսկողություն կիրականացնի առանց ՀԴՄ-ի գործունեություն իրականացնող հարկ վճարողների նկատմամբ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի գլխավորությամբ օգոստոսի 5-ին կայացել է հանդիպում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներկրման և ներդրման գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Քննարկվել են ՀԴՄ-ների ներդրման և սպասարկման գործընթացի ազատականացման արդյունքում առաջ եկած խնդիրները, ինչպես նաև կորոնովիրուսի համավարակի հետևանքով աշխատանքների բնականոն ընթացքում առաջացած խոչընդոտները:

Մասնավորապես՝ համավարակի հետևանքով կազմակերպությունները չեն կարողացել համապատասխանության եզրակացությունն ստանալուց հետո ՀՀ կառավարության 05.10.2017թ. 1318-ն որոշմամբ սահմանված 6-ամսյա ժամկետում ավարտին հասցնել հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման և ՀԴՄ-ների միջոցով անկանխիկ գործարքների գործառույթների իրականացման ապահովումը: Խոչընդոտներ է առաջացել նաև սարքերի ներմուծումը և ՀԴՄ-ների ներդրման գործընթացի բնականոն աշխատանքները կազմակերպելիս:

ՊԵԿ ղեկավարությունն ընդգծել է, որ շուկայում առկա է ՀԴՄ-ների պահանջարկ, որը, սակայն, ՀԴՄ-ների ներդրման գործընթացի ազատականացումից հետո կազմակերպությունների կողմից մինչ օրս ամբողջությամբ չի բավարարվել: Հանդիպմանը ներկա կազմակերպությունների ներկայացուցիչները հավաստիացրել են, որ առաջիկայում կներմուծեն ՀԴՄ-ների նոր խմբաքանակ:

Կոմիտեի ղեկավարությունը զգուշացրել է, որ առավել խիստ հսկողություն և վարչարարություն է իրականացվելու առանց ՀԴՄ-ի գործունեություն իրականացնող հարկ վճարողների նկատմամբ: