Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Թուրքիայի զինված ուժերի թիվը ներկայում չի հատում 400․000-ը». Հայկ Գաբրիելյան

447
Չորեքշաբթի, 05 օգոստոսի, 2020 թ., 22:05
«Թուրքիայի զինված ուժերի թիվը ներկայում չի հատում 400․000-ը». Հայկ Գաբրիելյան

Թուրքագետ Հայկ Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքական բանակի մասին

Ընդունված է համարել, որ Թուրքիան ունի ՆԱՏՕ-ում երկրորդ խոշոր բանակը՝ ԱՄՆ-ից հետո, նրա զինված ուժերի անձնակազմը, ասենք, 21-րդ դարի սկզբներին կազմում էր 720․000 մարդ։ Սակայն այս ցուցանիշը վերջին շրջանում փոխվել է, և Թուրքիան, եթե չեմ սխալվում, հայտնվել է 4-րդ հորիզոնականում։ Ինչո՞ւ։

Թուրքիան վերջին շրջանում կրճատել է իր բանակի թվակազմը (մինչև 12 ամսվա է կրճատել պարտադիր զինծառայության ժամկետը), քանի որ հասկացել է, որ գլխաքանակն այլևս չի խաղում նախկին դերը, հիմա տեխնոլոգիաների դար է։

Բացի այդ, 2016թ․ ռազմական հեղաշրջման փորձից (ՌՀՓ) հետո Էրդողանը լուրջ վերադասավորումներ (և ոչ թե բարեփոխումներ) է արել զինված ուժերում, որոնց հիմնական նպատակը նոր ՌՀՓ-ի բացառումն է։

Այդ նպատակով մոտ 200000-հոգանոց Ժանդարմերիան ամբողջովին կցվել է ՆԳՆ-ին, մինչդեռ նախկինում այն խաղաղ ժամանակ ենթարկվում էր ՆԳՆ-ին, իսկ պատերազմական ժամանակ անցնում էր ԳՇ իրավասության ներքո։

Թերևս այս պատճառներով է, որ Թուրքիայի զինված ուժերի թիվը ներկայում չի հատում 400․000-ը (մոտ 380․000 է), ինչը նույնպես պատկառելի թիվ է։ Ամեն դեպքում, Ժանդարմերիայի գործոնը չպետք է աչքաթող անել։ Նկատենք նաև, որ Էրդողանի այդ վերափոխումները լրջորեն հարվածել են թուրքական բանակի հրամկազմին։

Նկատի ունեմ այն, որ ՌՀՓ-ից հետո տասնյակ, եթե ոչ հարյուրավոր գեներալներ ու ծովակալներ են դուրս շպրտվել Թուրքիայի զինված ուժերից։ Հայտնի է, որ մարդը նման կոչման հասնում է, կարծեմ, 25 տարում։ Այսինքն, մեկ օրում, մեկ ամսում կամ թեկուզ մեկ տարում նման մասշտաբով այդօրինակ զինվորականների դուրս շպրտելով, դու իրականում չես կարող համարժեք լրացնել նրանց տեղը (սա իմ կարծիքն է, ես ամեն դեպքում ռազմական փորձագետ չեմ)։

Մի հանգամանք էլ․ այնքան օդաչու էր դուրս շպրտվել կամ հեռացել Թուրքիայի ռազմաօդային ուժերից, որ թուրքական կողմը ստիպված էր ներգրավել հանրահայտ «Թուրքական ավիաուղիներ» ընկերության օդաչուներին, որոնց մի մասը նախկինում ծառայել էր ՌՕՈՒ-ում։

Եվ վերջին հանգամանքը, որ ցանկանում եմ նշել, այն է, որ Էրդողանի գիտակցված քայլերի պատճառով Թուրքիան այսօր զրկվել է 5-րդ սերնդի բազմանշանակ ամերիկյան F-35 կործանիչներից, որի Բ մոդելը՝ ուղղահայաց թռիչքով ու վայրէջքով, ծրագրված էր տեղակայել «Անադոլու» անվանմամբ թուրքական թեթև ավիակրի վրա, որն անվանում են նաև բազմանշանակ դեսանտանավ (շահագործման է հանձնվելու 2021թ․)։

Թուրքիան ստիպված է այժմ այդ նավի վրա տեղակայել անօդաչու թռչող սարքեր, որոնք, իհարկե, որևէ կերպ չեն կարող համեմատվել F-35-ի հետ։ Արդյունքում Թուրքիան շարունակում է մնալ հնացած կործանիչային ավիացիայով՝ 1960թ․ արտադրության F-4 Phantom և 1978թ․ արտադրության F-16 կործանիչներով։ Եվ սա այն դեպքում, երբ տարիներ առաջ թուրքական կողմը հայտարարել էր, որ պատրաստվում է 2050թ․ դրությամբ ունենալ տարածաշրջանում ամենաուժեղ ՌՕՈՒ-ն։

Այս ամենը, իհարկե, չի նշանակում, թե թուրքական բանակը սպառնալիք չէ մեզ համար։ Իհարկե ոչ, անգամ թիվ մեկ սպառնալիքն է՝ հաշվի առնելով ադրբեջանական բանակի կարողությունները։ Ամեն դեպքում, իմ կարծիքով, Էրդողանը վերջին տարիներին իր գործողություններով զգալի վնաս է պատճառել Թուրքիայի զինված ուժերին»: