Երևան`   +22 °C
Այսօր`   Երեքշաբթի, 22 սեպտեմբերի, 2020 թ.

Քոչարյանի պաշտպանները հրաժարվեցին ներկայացնել կալանքի տակ գտնվող գույքի արժեքը վկայող փաստաթղթեր

172
Երեքշաբթի, 04 օգոստոսի, 2020 թ., 14:30
Քոչարյանի պաշտպանները հրաժարվեցին ներկայացնել կալանքի տակ գտնվող գույքի արժեքը վկայող փաստաթղթեր

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթացող Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստին քննարկվեց ամբաստանյալների գույքի վրա դրված կալանքը վերացնելու հարցը։

Հիշեցնենք՝ դատարանը պաշտպաններից պահանջել էր ներկայացնել կալանքի տակ գտնվող գույքի արժեքը։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը նիստի ժամանակ հայտնեց, որ իրենք հրաժարվում են ներկայացնել գույքի արժեքը ներկայացնող փաստաթղթեր, քանի որ այդ պահանջի հասցեատերն իրենք չեն․ «Դատարանը պաշտպանական կողմի վրա է դրել կալանքի տակ դրված գույքի արժեքը հիմնավորելու պարտականությունը, նման պարտականություն պաշտպանական կողմը չի կրում»,- ասաց Ալումյանը:

Նա ներկայացրեց պաշտպանական կողմի դիրքորոշումը և հայտնեց, որ 07.06. 2019թ․ որոշմամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի որոշմամբ, արձանագրել էր Քոչարյանի իրավունքների խախտումը, միաժամանակ, նույն որոշմամբ, դատարանը մերժել է նրա իրավունքների խախտումը վերացնելու և քննիչին վարույթից հեռացնելու մասին պահանջները՝ պատճառաբանությամբ, որ մինչդատական վարույթի ավարտված լինելու պարագայում մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության կարգով դիմողի իրավունքների պաշտպանությունը կարող է իրականացվել միայն նրա իրավունքների խախտումն արձանագրելով և առանց այն վերացնելու վարույթն իրականացնող մարմնի պարտականությունը սահմանելու։ Ալումյանի խոսքով՝ դատարանը փաստել է, որ սույն դեպքով իրենց պաշտպանյալի իրավունքների խախտումը վերացնելու պարտականություն սահմանելը հնարավոր չէ՝ անհասցե լինելու պատճառով, մինչդեռ, ներկա դրությամբ վարույթն իրականացնող մարմինը գործը, ըստ էության, քննող դատարանն է։

Ալումյանը տեղեկացրեց, որ սույն որոշման դեմ դատախազը վերաքննիչ բողոք է ներկայացրել, որում առկա հիմնավորումները կրկնվել են նախորդ դատական նիստին՝ դատախազների կողմից պաշտպանական կողմի միջնորդությունների վերաբերյալ առարկություններ ներկայացնելիս։ Ալումյանը հայտնեց նաև, որ մեղադրող կողմը հետ է կանգնել իր այն դիրքորոշումից, որն արտահայտել էր Վերաքննիչ դատարանում, մասնավորապես՝ որ գույքի վրա կալանք դրվել է միայն հնարավոր քաղաքացիական հայցը և դատական ծախսերն ապահովելու համար, այլ ոչ թե՝ հնարավոր բռնագանձման կամ բռնագրավման, ուստի, որոշման այդ մասով անդրադարձ կատարելն առարկայազուրկ է։ Ալումյանի խոսքով՝ այժմ դատախազությունը բերում է «առարկայազուրկ փաստարկներ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Քոչարյանի պաշտպանները հրաժարվեցին ներկայացնել կալանքի տակ գտնվող գույքի արժեքը վկայող փաստաթղթեր