Երևան`   +23 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Ամուլսարի խնդրի նկատմամբ կառավարությունը սրիկայական մարտավարություն է իրականացնում». Վարուժան Ավետիսյան

281
Երեքշաբթի, 04 օգոստոսի, 2020 թ., 10:00
«Ամուլսարի խնդրի նկատմամբ կառավարությունը սրիկայական մարտավարություն է իրականացնում». Վարուժան Ավետիսյան

«Սասնա ծռեր» կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամուլսարի խնդրի նկատմամբ կառավարությունը սրիկայական մարտավարություն է իրականացնում.

1) Հրապարակավ իրեն չեզոք ապուշի տեղ է դնում, իբրև թե տեղյակ չէ, որ «Լիդիան»-ի վարձած պահնորդական ծառայությունն, ինքն իրեն ոստիկանության լիազորություններ վերապահելով, ինքնիրավչություն է անում և այս գիշեր տեղափոխել է Ամուլսարի պահապանների տնակները ու դրանց փոխարեն իր տնակներն է տեղադրել։
2) «Ապուշ չեզոք և անտեղյակ» լինելով հանդերձ, ոստիկանական ուժ է կուտակում այդ տարածքում, որպեսզի
քաղաքացիները չկարողանան խափանել «Լիդիան»-ի պահնորդների անօրինական գործողությունները։

Ըստ էության, կառավարությունը «Լիդիան»-ի համար հիմքեր է ստեղծում, որ նա կարողանա դիմել արբիտրաժ։ Եթե ասեք, որ դա պետական շահերի նկատմամբ դավաճանություն է, առանձնապես սխալված չեք լինի։

Անմեղսունակությամբ ու անտեղյակությամբ քողածածկվող, իսկ իրականում՝ հիմնավոր կասկածի մակարդակով Ամուլսարի գործարքի մեջ կոռուպցիոն շահ ունեցող, իբրև թե, հեղափոխական և արդար ու մաքուր այս կառավարությունն անցնում է բոլոր սահմանները։

Հարկավ, Ամուլսարը եզակի օրինակ չէ, այլ ընդամենը մեր աչքերը լավագույնս բացող օրինակ է։

Առաջին իսկ օրվանից պետությունը կողքից և ընդդիմադիրի մոտեցմամբ կառավարող այս ժամիշխանները գործում են տանտիրոջ հագուստի տակ հավաբուն մտած աղվեսի նման և ընդամենը զբաղված են իրենց անձնական և խմբային շահերը բավարարելով, մինչդեռ պետության ռազմավարական շահերը հանձնել են Մոսկվային և օտար ու տեղական օլիգարխիային։

Ի սկզբանե պետության կառավարման ամբողջ բեռը չստանձնելու սրանց ծրագիրը պետք է արդեն պարզ լինի բոլորի համար։ Սրանք մակաբույծներ են, որոնց համար երկիրը կերակրատաշտ է։

Սրանք ընդամենը նպատակ ունեին ժողովրդի ուժով և ժողովրդին օգտագործելով՝ նախկին մակաբույծներից խլել երկիրը հոշոտելու լծակները, սակայն, հանդիպելով Մոսկվայի հովանավորությամբ իրականացվող դիմադրության՝ ընկրկեցին, ընդունեցին Մոսկվայի դաշտում մնալու պայմանը ու նրա խաղի կանոնները և արդեն երկու տարի է, ինչ փորձում են նախկին մակաբույծների հետ միասին կիսել երկիրը։ Բնականաբար, մեծ մասը իրենց վերցնելու մտադրությամբ։

Դատաիրավական ամբողջ ֆարսն ու քաշքշուկը, որին ավելի քան երկու տարի ականատես ենք, իրականում, երկիրը կիսելու քաշքշուկ է։

Ներկա մակաբույծները, թեպետ, գործում են ժողովրդի անունից, բայց՝ նրա կամքին և շահին հակառակ, ուստի իրականության մեջ հետզհետե կորցնում են ժողովրդի աջակցությունն ու դրանից սնվող ուժը։ Այդ մասին ի սկզբանե գիտեին Մոսկվայի հովանավորությունը վայելող նախկին մակաբույծները, ուստի, իրենց պատկերացմամբ, պատրաստվում են վռնդել այս ինքնակոչ աղվեսներին և վերականգնել թալանի իրենց մենաշնորհը։

Պատահական չէ, որ թեև Ամուլսարի նախագիծը համարվում է Արևմտյան պլուտոկրատիայի շահերի տիրույթին պատկանող, սակայն Մոսկվայի կամակատար նախկին մակաբույծները նույնքան ջերմեռանդ են այն իրագործելու հարցում։

Պատճառն այն է, որ երկուսն էլ առաջնորդվում են երկրի ընդերքն ու հարստությունն անձնական ու խմբային շահերին ծառայեցնելու նպատակով, ուստի ընդունում են օբյեկտի վերածված երկրի նկատմամբ ստեղծված արտաքին ազդեցության թեկուզ հիմնական մասով ռուսական կողմը թեքված, ռազմավարական «հաշվեկշիռը»։

Եթե այսպես շարունակվի, երկիրը կդառնա անվերահսկելի գզվռտոցի ասպարեզ։

Դառնալով Ամուլսարին, ընդամենը պետք է հիշենք, որ Ամուլսարը ՀՀ ջրահավաք ավազանի պորտն է և այն հանքի վերածելու դեպքում երկիրը կդառնա թունավոր անապատ։

Հասկանանք և գործենք ըստ այդմ»: