Երևան`   +21 °C
Այսօր`   Երեքշաբթի, 22 սեպտեմբերի, 2020 թ.

«Այս «օպերացիայի» հետևում կանգնած են Ադրբեջանի ՊՆ տակ գործող ռեսուրսները». Ալեն Ղուլյան

218
Երկուշաբթի, 03 օգոստոսի, 2020 թ., 09:20
«Այս «օպերացիայի» հետևում կանգնած են Ադրբեջանի ՊՆ տակ գործող ռեսուրսները». Ալեն Ղուլյան

Փորձագետ Ալեն Ղուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փետրվարի 26-ին սոցիալական ցանցերի հայկական տիրույթում մի մոնտաժված տեսանյութ էր հայտնվել, իբր՝ ադրբեջանցիք անարգել զբոսնում են Երևանում և ծաղրելով ազգային անվտանգության ծառայությանը տեսանկարահանումներ են իրականացնում։ Սոցցանցերում այդ տեսանյութը լայն քննարկման առարկա էր դարձել։ Չնայած դրան, որ շատերը գիտակցում էին, որ դա Ադրբեջանի համապատասխան ծառայությունների կողմից է պատրաստվել և նետվել մեր տիրույթ, այնուամենայնիվ, մի մասը վստահ էր, որ նկարահանումներն իրոք ադրբեջանցիների կողմից են արվել։
Կարճ ասած՝ որոշ չափով դրանք հասել էին իրենց նպատակին։ Այդ փաստով նույնիսկ ՀՀ ԱԱԾ-ն հաղորդագրությունն էր տարածել, համաձայն որի՝ համացանցում հայտնված տեսանյութի չմոնտաժված տարբերակի հեղինակը մի կին է և որ այն համացանցում հրապարակվել է դեռևս 2018 թվականի սկզբին։
Դրանից հետո՝ մայիս ամսին երևանյան փողոցներից մեկում նկարահանված հետկադրային մեզ արդեն հայտնի ձայնով երկրորդ տեսանյութն է նետվել դաշտ, որտեղ ռուսախոս ադրբեջանցին խոստանում էր հաջորդ տեսանյութը Շուշիում նկարահանել։ Մինչ դրանք մեր տիրույթից Շուշիում նկարահանված և համացանցում չտարածված, հետևաբար որոնողական համակարգերով դժվար հայտնաբերվող տեսանյութեր գտնեն և մոնտաժեն, որոշել եմ մի փոքրիկ «հետաքննություն» անցկացնել։
Պարզվել է, որ իրականում այդ «օպերացիայի» հետևում կանգնած են Ադրբեջանի պաշտպանության նախարարության տակ գործող ռեսուրսները։ Մի 99%-ով համոզված եմ, որ այդ տեսանյութերի հետկադրային ձայները պատկանում են ադրբեջանական տիրույթում «Հանս Կլոս» կեղծ անվան տակ գործող օգտատիրոջը։ Վերջինիս վերաբերյալ շատ տեղեկություններ չկան (լուսանկարներ, անձնական տվայլներ և այլն), ինչից ենթադրում եմ, որ նա կամ ուժային կառույցներից մեկի գործող ծառայող է և մեդիադաշտում համակարգում է հակահայկական ուղղություններից մեկը, կամ էլ նախկին ծառայող է։ Օգտատերը լավ տիրապետում է ռուսերենին, իսկ գրություններից և մեկնաբանություններից հստակ երևում է, որ ունի ռազմական գիտելիքներ։ Ենթադրում եմ, որ ժամանակին բնակվել է Ռուսաստանում, կամ էլ ռազմական ուսում է ստացել ՌԴ զինվորական բուհերից մեկում։
Շատ հաճախ որպես ռազմական փորձագետ առանց կադրերում երևալու, մեկնաբանություններ է տալիս ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկի կողմից հեռարձակվող ռազմական հաղորդմանը։ Նույն հաղորդման շրջանակներում մասնակցում է նաև տարբեր նկարահանումների, այդ թվում՝ նաև զորամասերում և առաջնագծում։
Ակտիվ գործունեությունը սկսել է 3-4 տարի առաջ և այս պահի դրությամբ սոցցանցերում առնվազն երեք ռուսալեզու հակահայկական էջ է համակարգում, որոնք բավականին մեծ լսարաններ ունեն։ Նշված ռեսուրսներով ապատեղեկատվություններ են տարածվում մեր զինված ուժերի մասին, հատկապես՝ մարտական և ոչ մարտական կորուստների մասով, ծաղրանկարներ և գռեհիկ բառերով տեքստեր են տարածում մեր զոհվածների մասին և ակտիվ փառաբանում են Ադրբեջանի զինված ուժերը։ Այդ էջերում նաև այսպես կոչված «էքսկլյուզիվ» կադրեր են հրապարակվում, որոնք կա՛մ իրենց պաշտպանության նախարարության կողմից են տրամադրվում, կա՛մ ձեռք են բերվում առաջնագծի կամ հատուկ նշանակության ուժերի զինծառայողներից (ապրիլյան մարտական գործողություններից տեսանյութեր և լուսանկարներ, դիպուկահարների կրակ մեր դիրքերի ուղղությամբ և այլն...)։
Տեսանյութը տեղադրել եմ ձայների համեմատման համար։ Առաջին մասը նկարահանվել է «Հանս Կլոս» օգտատիրոջ կողմից սույն թվականի հուլիսի 17-ին, Թովուզի շրջանի Աղդամ գյուղի մոտակայքում և հետկադրային ռուսալեզու մեկնաբանությունները արվել են հենց իր կողմից։ Երկրորդ և երրորդ մասերի ձայնագրությունները փետրվար և մայիս ամիսներին տարածված մոնտաժված տեսանյութերից եմ հանել, իսկ 4-րդ մասում «Կլոսի» կողմից հուլիս ամսին Թովուզի շրջանում տված հարցազրույցից մի հատված եմ տեղադրել, որտեղ վերջինս նկարահանվել է թիկունքից։ Ի դեպ՝ դա երևի թե միակ տեսանյութն է, որտեղ նա երևում է կադրերում (համենայնդեպս, այս պահի դրությամբ այլ տեսանյութեր չեմ գտել)։
Բացի այն, որ տեսանյութերի ձայները շատ նման են, ուշադրություն դարձրեք նաև «в древнейшем», «наидревнейшим» և «находимся» բառերին։
Վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տեսաձայնագրային փորձաքննության միջոցով կհաստատի, որ տեսանյութերի ձայները պատկանում են միևնույն անձին։
Չեմ կարծում, որ ադրբեջանցիք կդադարեցնեն իրենց «օպերացիաները», ասեմ ավելին՝ համոզված եմ, որ հետագա մոնտաժներում կօգտագործեն նաև այլ անձանց ձայներ։
Մեզ մնում է զգոն և ուշադիր լինել, չընկնել ադրբեջանական քարոզչության թակարդը և չտարածել դրանց ապատեղեկատվությունները»: