Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Ապատեղեկատվություն տարածող բժիշկները պատասխանատու են մահերի և հասարակությանը վնաս հասցնելու համար». Արին Ա․ Բալալյան

791
Կիրակի, 02 օգոստոսի, 2020 թ., 18:15
«Ապատեղեկատվություն տարածող բժիշկները պատասխանատու են մահերի և հասարակությանը վնաս հասցնելու համար». Արին Ա․ Բալալյան

MAMUL.am-ի զրուցակիցն է բժիշկ, Հանրային առողջապահության մասնագետ, «Կոլումբիա» համալսարանի համաճարակաբանության ասպիրանտուրայի թեկնածու Արին Ա․ Բալալյանը

Արդեն մի քանի շաբաթ է՝ Հայաստանում կորոնավիրուսի ցուցանիշները հուսադրող են, մասնավորապես, թեստավորվածների թվի նկատմամբ վարակվածների տոկոսային հարաբերակցության թվի նվազում է նկատվում: Հետևելով արդյունքներին՝ ի՞նչ կարծիք ունեք:

Նվազման տենդենց կա, և այս պահին ճիշտ ուղու վրա ենք, ինչը պայմանավորված է ժողովրդի կողմից ցուցումներին հետևելով: Առաջին ալիքը հաղթահարելու ճանապարհին ենք: Եթե ուշադրություն դարձնեք, ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգայի կենտրոնի գրաֆիկայում էլ երևում է, որ պիկ կա, և քիչ-քիչ իջնում է։ Սակայն շատ կարևոր է, որ, դրական դինամիկայից ելնելով, այս ընթացքում զգոնությունը չկորցնենք, ինչպես եղավ նման մի բան, երբ մայիսի 4-ին թուլացրին սահմանափակումները, և դրան հետևեց այս ամենը։ Բացի այդ, առաջ մարդիկ լուրջ չէին վերաբերում, հետո սկսեցին նրանց ծանոթները, մտերիմները վարակվել, նոր հավատացին։ Ի տարբերություն առաջին երկու ամիսների՝ հիմա այդ առումով բավականին փոխվել է հասարակության վերաբերմունքը։ Կառավարությունը, իրավապահ մարմիններն ու ժողովուրդը պիտի համակարգված աշխատեն իրար հետ, փոխըմբռնում լինի։ Ինչքան էլ պարետատունը սահմանափակումներ մտցնի, նախարարությունը ցուցումներ տա, եթե մարդիկ չհետևեն դրանց, իրավապահ մարմինները թուլություն ցուցաբերեն, ոչինչ չի ստացվի։ Գիտե՞ք՝ թերահավատությունը մեր ժողովրդի միջից չի վերացել։ Այս առիթով մեր նոր իշխանությունը շատ անելիք ունի, որ ժողովրդի մոտ վստահության մթնոլորտ ստեղծվի։

Կլիմայական պայմաններն ինչպե՞ս են ազդում կորոնավիրուսի վրա: Արդյոք կարո՞ղ է բարձր ջերմաստիճանը խանգարել դրա տարածմանը:

Այս պահին նման վիճակագրություն չունենք։ Այդպիսի դիտարկում վարակաբաններն են արել, ինքս կարծիք չեմ կարող արտահայտել այդ մասով, միայն կասեմ, որ այն չի փաստվել։ Օրինակ՝ ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում, երբ ամենաշոգ կլիմայական պայմաններն են, վերջին մի քանի շաբաթվա ընթացքում ամենաբարձր ցուցանիշն ենք ունեցել։ Ավելի շատ կախված է բնակչության խտությունից, ցուցումներին հետևելուց, իսկ Ֆլորիդան ամենաքիչ սահմանափակումներն է ունեցել այս ընթացքում։

Ի՞նչ առանձնահատկություններ ունի նոր կորոնավիրուսը: Ինչո՞վ է առավել բնորոշվում այս վիրուսը:

Ամենաբնորոշը փոխանցման արագություն է, որով էլ պայմանավորված է վարակվածների բարձր թիվը։ Մյուս առանձնահատկությունն էլ այն է, որ դրսևորման մեծ սպեկտոր ունի՝ ամենաասիմպտոմ դեպքերից, մինչև մահ։

Որքանո՞վ է մեծ երկրորդ ալիքի հավանականությունը:

Դա պայմանավորված է նրանով, թե ինչքանով հիմա ցուցումներին կհետևեն։ Աշնանն ուսումնական տարին է սկսվում, մարդիկ ավելի շատ են օգտվում հանրային տրանսպորտից, շփումն ավելի է մեծանում, բացի այդ աշունը սեզոնային գրիպի տարածման շրջան է, ուստի պետք է պատրաստ լինենք երկրորդ ալիքին. չենք կարող ասել՝ հաստատ կլինի՞, թե՞ ոչ։ Օրինակ՝ Գերմանիայում արդեն երկրորդ ալիքի միտում է նկատվում, իսկ հարևան Իրանում դեռ առաջին ալիքը չեն հաղթահարել։ Կորոնավիրուսը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով, այդ պատճառով հեշտ է տարածվում։

Հաճախ ենք լսում կորոնավիրուսի վերաբերյալ տարբեր մեկնաբանություններ ու կարծիքներ բժիշկներից, որոնք իրենց գործունեությամբ ոչ մի կապ չունեն համավարակի հետ: Չե՞ք կարծում, որ ինչ-որ քայլեր պետք է ձեռնարկել այս առումով:

Սա շատ նուրբ հարց է։ Մենք բազմիցս քննարկել ենք գործընկերների հետ այն, որ եթե արգելվի՝ արդյո՞ք խոսքի ազատության սահմանափակում չի դիտարկվի։ Մյուս կողմից պատասխանատվության զգացումն է, որովհետև եթե հանրությանը բժիշկն է սխալ տեղեկություն տալիս, ապա նույն հանրությունն էլ ո՞ւմ պիտի հավատա։ Ուղղակի ամեն ինչի հաշվին փորձում են հայտնիություն, հռչակ ձեռք բերել։ Պրոֆեսիոնալ առումով ճիշտ չէ։ Կարծիք հայտնելու համար դա պետք է իր հետազոտության առարկան լինի։ Իմ կարծիքով հատկապես այն բժիշկները, ովքեր ապատեղեկատվություն են տարածում, պատասխանատու են թե՛ մահերի, թե՛ հասարակությանը վնաս հասցնելու առումով։ Պարզապես կհորդորեմ նրանց, որ ուղերձներում ավելի զգույշ ու պատասխանատու լինեն և ասեն այնպիսի բաներ, որոնք ապացուցողական բժշկության վրա են հիմնված։

Տարածված պնդում կա, որ դիմակի երկարատև կրումը մեծ վնաս է հասցնում առողջությանը:

Բոլորս գիտենք, որ շատ երկար ժամանակ է, ինչ բժիշկները դիմակներ են կրում՝ տարբեր պատճառներով, ու անլուրջ է ասելը, թե թթվածնաքաղց կամ սնկային հիվանդություններ կարող է այն առաջացնել և այլն, որովհետև դրանք որևէ ապացույցի վրա հիմնված չեն։ Կամ էլ ասում են՝ բիզնես է, բայց չէ՞ որ այդ նույն դիմակն առաջարկում են կարել տնային պայմաններում։ Դիմակի իմաստն այն չէ, որ քեզ պաշտպանի, եթե այն, իհարկե, N95 ռեսպերատոր չէ։ Դիմակը դիմացինին պաշտպանելու համար է․ այսինքն՝ ես պաշտպանում եմ քեզ, դու պաշտպանում ես ինձ։

Իսկ պատվաստանյութի վերաբերյալ նորություններ Ձեզ հայտնի՞ են:

Պատվաստանյութի առումով բավականին լավ նորություններ կան։ Շատ լավ ընկերություններ են աշխատում այդ ուղղությամբ։ Մի քանիսն սկսել են երրորդ փուլի փորձարկումները, որից հետո հնարավոր կլինի թողարկել պատվաստանյութը։ Իսկ մինչ այդ հորդորում եմ բոլորին հետևել ցուցումներին։ Դիմակը կրելով մեզ մի թեթև անհանգստություն կպատճառենք, բայց փոխարենը կունենանք առողջ հասարակություն։