Երևան`   +18 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 05 օգոստոսի, 2020 թ.

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչներին

354
Ուրբաթ, 31 հուլիսի, 2020 թ., 16:30
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչներին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները: «Ձեր նախաձեռնությունը մեր տնտեսության բոլոր ոլորտների ներկայացուցիչների հետ առաջիկայում հանդիպելու առիթ հանդիսացավ, որպեսզի ավելի տեղային կարողանանք քննարկել և փորձել հասկանալ, թե ինչ կարող ենք անել, որպեսզի ոչ միայն տնտեսական ճգնաժամը հաղթահարենք, այլև ավելի բարձրացնենք ոլորտների, և ընդհանուր առմամբ, մեր տնտեսության մրցունակությունն ու արդյունավետությունը: Կարծում եմ՝ նույնիսկ ճգնաժամի պայմաններում այս օրակարգը պետք չէ մոռանալ: Որքան պրոակտիվ լինենք ճգնաժամային իրավիճակում, որքան ավելի երկարաժամկետ հորիզոնի նկատմամբ որոշակի քաղաքականություն դրսևորենք՝ այնքան ավելի լավ»,- նշել է վարչապետ Փաշինյանը:

Այնուհետև ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց մտահոգող հարցերը, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված առաջացած խնդիրները և հանդես եկել դրանց լուծման առաջարկություններով:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը տեղեկացրել է, որ վարչապետի գլխավորությամբ կառավարությունում արդեն իսկ քննարկվել է այդ հարցը և այժմ պատրաստման փուլում է բիզնեսին աշխատատեղերի պահպանման նպատակով պետական օժանդակություն ցուցաբերելու նախագիծը:

Վարչապետը հանձնարարել է առաջիկա մեկ շաբաթում մասնավոր հատվածի հետ շարունակել քննարկումները նախագծի շուրջ՝ վերջիններիս առաջարկներով այն լրամշակել և ներկայացնել կառավարության հաստատմանը: