Երևան`   +18 °C
Այսօր`   Հինգշաբթի, 13 օգոստոսի, 2020 թ.

Արտակարգ դրության պայմաններում հավաքների ազատության սահմանափակումը չի կարող լինել բացարձակ․ քննարկում

225
Ուրբաթ, 31 հուլիսի, 2020 թ., 16:05
Արտակարգ դրության պայմաններում հավաքների ազատության սահմանափակումը չի կարող լինել բացարձակ․ քննարկում

Հուլիսի 31-ին Մարդու իրավունքների պաշտպանի և մի շարք հասարակական կազմակերպությունների համագործակցությամբ կազմակերպվել է առցանց քննարկում «Հավաքների ազատությունը նոր տեսակի կորոնավիրուսային (COVID-19-ի) համաճարակի հիմքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում» թեմայով:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը բացման խոսքում նշել է, որ արտակարգ դրության ժամանակ ավելի մեծ է պետության իրավական բեռը, քանի որ յուրաքանչյուր սահմանափակում պետք է լինի անհրաժեշտ, իրավաչափ և կոնկրետ իրավիճակին համաչափ, այս դեպքում՝ պետք է ծառայի կորոնավիրուսի կանխարգելմանը։

Իրավունքների սահմանափակումների հիմնավորումները չեն կարող լինել այն նույն ծավալի, ինչ արտակարգ դրություն հայտարարելու սկզբնական շրջանում: Այլ կերպ՝ որքան երկարում է արտակարգ դրությունը, այնքան մեծանում է պետության իրավական պարտավորությունն առավել հիմնավորելու մարդու իրավունքների սահմանափակումները:

«Հավաքների ազատության արգելքն ամրագրված է Կառավարության որոշմամբ է, չնայած անընդհատ նշվում է, որ դա արվել է Պարետի որոշմամբ: Մեր այցերը Ոստիկանություն ցույց են տալիս, որ յուրաքանչյուր դեպքում հավաքի մասնակիցներին հավաքի վայրից հեռացնելը տեղի է ունենում նրանց վարչական ձերբակալման ենթարկելով՝ «Ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը» իրավախախտման համար: Առկա օրենսդրական կարգավորումներն իրենց հերթին հանգեցնում են իրավական դժվարությունների Ոստիկանության համար: Իրավական ոչ որոշակի կարգավորումների պատճառով Ոստիկանությունը, կարծես թե, դարձել է այս օրերի օրենսդրական կարգավորումների իրավական զոհը՝ չունենալով հստակ աշխատանքի իրավական ուղենիշներ»,- հայտնել է Արման Թաթոյանը։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկման արդյունքները ցույց են տվել, որ չնայած հավաքների բացարձակ արգելքին՝ Ոստիկանությունը պրակտիկայում մի շարք դեպքերում հավաքի մասնակիցներին հեռացնում է հավաքի վայրից, այլ դեպքերում՝ ոչ։ Այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ տարածած հաղորդագրությունից։