Երևան`   +6 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Ադրբեջանի նախագահը որոշել է ոչնչացնել ընդդիմությանը. #TheWashingtonPost

3519
Հինգշաբթի, 30 հուլիսի, 2020 թ., 15:00
Ադրբեջանի նախագահը որոշել է ոչնչացնել ընդդիմությանը. #TheWashingtonPost

The Washington Post պարբերականն իր խմբագրականում կոշտ քննադատում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարած ներքին քաղաքականությունը, որն իրականացվում է ընդդիմությանը ճնշելով։ «Ադրբեջանի նախագահը երբեք չի սիրել անկախ լրագրողներին կամ այլախոհներին: Փետրվարյան խորհրդարանական ընտրությունները միջազգային դիտորդների կողմից ճանաչվել են որպես «զուրկ՝ իրական քաղաքական պայքարից»: Այժմ՝ կորոնավիրուսի համավարակի, նավթի գների անկման և գլխավոր հակառակորդ Հայաստանի հետ հարաբերությունների սրման ֆոնին, պարոն Ալիևը թշնամիների «հինգերորդ շարասյուն» է գտել՝ քաղաքական ընդդիմությանը, որի ներկայացուցիչներին սկսել է բանտեր ուղարկել: Ալիևի ջղաձգումներն սպառնում են վերացնել այն ամենը, ինչ մնացել է Ադրբեջանում որպես անկախ քաղաքական ուժ»,- գրում է թերթը: Մարտին՝ Նովրուզի տոնի կապակցությամբ, դիմելով ժողովրդին՝ Ալիևը հայտարարեց, որ մեղավորի դերում հանդես է գալիս երկրի ընդդիմությունը։

Նա խոստացավ պատժել «կեղտոտ, կոռումպացված ղեկավարներին, վախկոտներին և դասալիքներին», որոնք «ավելի վատն են, քան հայերը»: Դրանից հետո անվտանգության ուժերը սկսեցին ձերբակալել ընդդիմադիր կուսակցությունների անդամներին:

Ըստ տարբեր աղբյուրների՝ այդ օրերին ձերբակալվել է մոտ 120 մարդ, այդ թվում՝ կուսակցության առաջնորդներ և ակտիվիստներ:

Հուլիսի 20-ին ԱՄՆ Պետդեպարտամենտը կոչ արեց Ադրբեջանին չօգտագործել համաճարակը՝ քաղաքացիական հասարակությանն ու ընդդիմությանը ճնշելու համար: Ադրբեջանի արտգործնախարարությունը պատասխանեց, թե «այս իրավիճակում մենք չենք կարող հասկանալ՝ ի՞նչն է անհանգստացնում ԱՄՆ պետդեպին և ինչո՞ւ»: