Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Այս պատմությունը 3 տարի անց բացահայտում եմ, որ զգոն լինենք». Արմեն Աշոտյան

422
Չորեքշաբթի, 15 հուլիսի, 2020 թ., 00:00
«Այս պատմությունը 3 տարի անց բացահայտում եմ, որ զգոն լինենք». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Նկարում աջից պատկերվածներին լավ գիտեք, իսկ ձախից 2017 թվականի հուլիսին Ադրբեջանի Ալխանլի գյուղի զոհված բնակիչներ են՝ տատ ու թոռ։ Նրանք զոհվել էին, որովհետև ադրբեջանական ստահակներն իրենց մարտական միավորումները դիտավորյալ տեղակայել էին քաղաքացիական բնակավայրերին մոտ և այնտեղից ռմբակոծում էին հայկական դիրքերը՝ խախտելով Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին Ժնևյան կոնվենցիան։

Ադրբեջանը փորձեց մեծ միջազգային աղմուկ բարձրացնել. թե բա՝ հայերը կոտորում են խաղաղ բնակչությանը։ Դիվանագիտական բոլոր խողովակներով հաջողվեց կանխել դժբախտ դեպքի նման շահարկումները։

2017-ի սեպտեմբերին իմ նախաձեռնությանբ և ղեկավարությամբ հայկական խորհրդարանի պատվիրակությունը մասնակցեց Բաքվում Արևելյան գործընկերության շրջանակներում կազմակերպվող մի ներկայանալի կոնֆերանսի։

Ավելի քան վստահ էի, որ ադրբեջանցիները տվյալ դեպքը փորձելու են շահարկել եվրոպացիների մոտ միջոցառման ընթացքում և մեկ րոպե լռությամբ հարգել տային իրականում Ալիևի անմարդկայնության և անբարոյականության զոհ դարձած այս մարդկանց հիշատակը՝ մեղքը գցելով հայերի վրա։

Դեռ Երևանում մտածեցի և կազմակերպեցի «հակաթույնը». եթե անգամ այդ պատկառելի միջազգային միջոցառմանը նրանք փորձեին շահարկումներ անել և մեզ գցել «տուպիկ», մենք էլ պետք է պատրաստված լինեինք և քարոզչական հակահարված տայինք։

Դիզայներ ընկերոջս (անունը չեմ տալիս, կուզի, թող ինքն իրեն բացահայտի) խնդրեցի պատրաստել նման պլակատներ (մեկը՝ մահացած երեխայի դիակի պատկերով, հասկանալի պատճառով չեմ տեղադրում), որ հետներս Բաքու տանենք և հարկ եղած դեպքում հենց Բաքվի սրտում, իրենց խորհրդարանի շենքում միջոցառման ժամանակ բարձրացնենք՝ ի լուր աշխարհի, տասնյակ տեսախցիկների ներքո։

Այդպես էլ արեցինք։ Պլակատները խնամքով պահեցինք մեր ձեռքի պայուսակներում, վստահ լինելով, որ ադրբեջանցիները Բաքվի օդանավակայանում թաքուն կխուզարկեն մեր ճամպրուկները։ Հասնելով հյուրանոց, կասկած չունեինք, որ 7/24 ռեժիմիվ տեսանկարահանվում և ձայնագրվում է ամեն ինչ։

Համարում շարեցի 3 պլակատները մահճակալի վրա, և երբ իմ սենյակ եկան պատվիրակության այլ անդամները, նրանց հետ բարձրաձայն քննարկեցինք հաջորդ օրվա մեր անելիքը։

Պլակատները ծածուկ մտցրեցինք Ադրբեջանի խորհրդարանի շենք (ապրի իմ ընկեր Արամը, և ոչ միայն այս դրվագով): Եվ ադրբեջանցիները, մեր կոնտրքայլի մասին արդեն տեղյակ լինելով և վախենալով վերահաս սկանդալից, մեր պլակատներից և խայտառակվելուց՝ փոշմանեցին։ Միջոցառման բացմանն ընդամենը հերթապահ երկտողով սահմանափակվեցին, ինչի պատասխանը ես իմ ելույթով տվեցի։

Այս պատմությունն այսօր, 3 տարի անց, բացահայտում եմ, որ զգոն լինենք։

Ադրբեջանական իշխանության էությունը չի փոխվել՝ նրանք միշտ թաքնվում են անգամ սեփական ժողովրդի հետևում՝ չխնայելով ծեր ու մանուկ։ Այսօր հայտնի դարձավ, որ Տավուշի հետ սահմանագծում նրանք նորից դիմել են ստոր և կեղտոտ գործելաոճի՝ տեղակայելով մարտական ուժեր հենց իրենց բնակավայրերի տիրույթում՝ կրկին խախտելով Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին Ժնևյան կոնվենցիան»։