Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Hermes-900» ԱԹՍ-ն արժե շուրջ 30 միլիոն դոլար. քանի հատ է դրանից ձեռք բերել Ադրբեջանը

641
Երեքշաբթի, 14 հուլիսի, 2020 թ., 21:00
«Hermes-900» ԱԹՍ-ն արժե շուրջ 30 միլիոն դոլար. քանի հատ է դրանից ձեռք բերել Ադրբեջանը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ զինված ուժերն այսօր խոցել են ադրբեջանական «Hermes-900» ԱԹՍ։ Ի դեպ, այս ԱԹՍ-ն խոցվում է պատմության մեջ առաջին անգամ:

Սա շուրջ 30 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ մարտավարական խոշոր անօդաչու սարք է, որն արտադրում է իսրայելական Elbit systems ընկերությունը: Ադրբեջանում դրանք տեղակայված են խորը թիկունքում և գտնվում են Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) և ոչ թե՝ բանակի հաշվեկշռում։

Այս ԱԹՍ-երի առաջին թռիչքը տեղի է ունեցել 2009-ին, սերիական արտադրության է դրվել մեկ տարի անց: Դրանք կարող են թռչել մինչև 9000 մ բարձրության վրա ու տեղափոխել մոտ 350 կգ բեռ: Ունեն հետախուզական նշանակություն, հավելյալ հագեցման դեպքում կարող են նաև օդային հարվածներ հասցնել:

«Hermes-900»-ներով հագեցած են Իսրայելի, Մեքսիկայի, Կոլումբիայի, Ադրբեջանի, Չիլիի, Բրազիլիայի ու Շվեյցարիայի օդուժերը: Ընդ որում, 2016 թվականի տվյալներով՝ Ադրբեջանը ձեռք է բերել 13 հատ «Hermes-900»: