Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Հետաձգվեց Արթուր Վանեցյանն ընդդեմ «Հայկական ժամանակ»-ի դատական նիստը

394
Երկուշաբթի, 13 հուլիսի, 2020 թ., 16:50
Հետաձգվեց Արթուր Վանեցյանն ընդդեմ «Հայկական ժամանակ»-ի դատական նիստը

Այսօր՝ հուլիսի 13-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի դատական նիստը՝ ընդդեմ «Հայկական ժամանակ»-ի հետաձգվեց՝ պատասխանող կողմի դատարան չներկայանալու պատճառով։
«Ակնհայտ է, որ «Հայկական ժամանակ»-ը, չունենալով որևէ պատասխան մեր հայցին, փորձում է ուղղակի ձգձգել: Եթե այսքան լրատվամիջոց տեղեկացված է այս դատական նիստի մասին, ապա պարզ է, որ «Հայկական ժամանակ»-ը նույնպես տեղեկացված է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արթուր Վանեցյանի փաստաբան Լուսինե Սահակյանը: «Նրանք իրենց անպատասխանատու և շինծու տեղեկատվությունը տարածելով՝ հավանաբար չէին գիտակցում, որ գալու է նաև այն ժամանակը, երբ որ պետք է պատասխան տան: Նրանք բնականաբար չունեն պատասխան, որովհետև այդ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում և որդեգրել են դատական նիստերը ձգձգելու տարբերակը»,- նշեց փաստաբանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արթուր Վանեցյանը «Հայկական ժամանակ» օրաթերթի դեմ հայց էր ներկայացրել։ Պատճառը թերթում հրապարակված «Պատիվ ունե՞մ, թե՞ պատիվ չունեմ. Միշիկը, Արթուրը, Արիկը» վերնագրով հոդվածն է: