Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Ինչո՞ւ քրիստոնեական աշխարհը կռիվ չտվեց Սուրբ Սոֆիայի տաճարի համար»․ Նաիրա Զոհրաբյան

448
Շաբաթ, 11 հուլիսի, 2020 թ., 16:05
«Ինչո՞ւ քրիստոնեական աշխարհը կռիվ չտվեց Սուրբ Սոֆիայի տաճարի համար»․ Նաիրա Զոհրաբյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է: «Եվ այսպես՝ Թուրքիայի բարձրագույն դատարանը բավարարեց Էրդողանի պահանջն ու ուղղափառ քրիստոնեական աշխարհի ամենաչքնաղ կառույցը՝ Սուրբ Սոֆիայի տաճարը, նույն ինքը՝ Այասոֆիան, այլևս մզկիթ է։ Մեր թվարկությունից առաջ 537 թվականին կառուցված այս չքնաղ տաճարը նվիրվել է Աստծո իմաստությանն ու աստվածային խոսքին:

Ինչո՞ւ Էրդողանը, թքած ունենալով ՅՈՒՆԵՍԿՕ-ի և քրիստոնեական աշխարհի հորդորների վրա, պարտադրեց Թուրքիայի բարձրագույն դատարանին տաճարը ճանաչել մզկիթ։ Բնականաբար, Ստամբուլում մուսուլմանները մզկիթ-աղոթատեղիի պակաս, վստահաբար, չունեն, քանզի միայն Ստամբուլի նահանգում 3500 մզկիթ կա ու այդ նահանգը մզկիթների քանակով Թուրքիայի 81 նահանգների մեջ չեմպիոնն է։ Բացի դա, դեռ անցյալ տարի Ստամբուլում շահագործվեց Չամլըջա մզկիթը, որը նախատեսված է մոտ 65 հազար մուսուլման հավատացյալների համար։ Եվ ուրեմն, ո՞րն էր Այասոֆիան կրկին մզկիթացնելու Էրդողանի իրական նպատակը։ Ակնհայտ է մեկ բան՝ Էրդողանը հետևողականորեն շարունակում է Թուրքիայի իսլամականացումը և իր նեոօսմանյան հայացքներով Էրդողանը մշտապես ցանկացել է մրցել թե՛ Թուրքիայի հայր Աթաթուրքի հետ, փորձելով պատմության մեջ մնալ շատ ավելի «աթաթուրք»՝ թուրքերի հայր, որքան չէր անգամ Աթաթուրքը, ինչպես նաև՝ նրան մշտապես հանգիստ չեն տվել սուլթան Մեհմեթ Ֆաթիհի դափնիները, ով 1453 թվականին գրավեց Կոնստանդնուպոլիսն ու Այասոֆիայի տաճարը վերածեց մզկիթի։ Ես գրեթե վստահ եմ, որ Էրդողանն իր այս քայլով Թուրքիայի տոտալ իսլամականացման ծրագիրն է իրականացրել և Այասոֆիայի տաճարի մզկիթացումն այդ ճանապարհային քարտեզի ընդամենը դետալներից մեկն էր։ Բացի դա, Այասոֆիան մզկիթացնելով Էրդողանը վերջ դրեց տաճարի հանդեպ Հունաստանի նկրտումներին, որպես հունական ուղղափառ քրիստոնեական տաճարի իրական սեփականատերերի։

Ուստի, Էրդողանի քայլերը միանգամայն կանխատեսելի էին։

Էս ողջ պատմության մեջ ինձ, անկեղծ, հետաքրքրում էր բոլորովին այլ հարց։ Ինչո՞ւ, այդուհանդերձ, քրիստոնեական աշխարհը, որը իրապես հզոր ուժ է, բացի մի քանի թեթև մտահոգություններից ու կոչերից, չկանգնեց Այասոֆիան մզկիթացնելու ծրագրի առաջ։

Սա հարց է, որի պատասխանը, հուսամ, դեռ կտրվի»։