Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«ՄԻԵԴ-ի որոշումը կասկածելի է. այստեղ ինչ-որ բան այն չէ». Ռուբեն Մելիքյան

423
Հինգշաբթի, 09 հուլիսի, 2020 թ., 23:05
«ՄԻԵԴ-ի որոշումը կասկածելի է. այստեղ ինչ-որ բան այն չէ». Ռուբեն Մելիքյան

Արցախի նախկին օմբուդսմեն, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն այսօր «Ֆակտոր»-ի եթերում անդրադարձել է ՄԻԵԴ-ի՝ երեկ կայացրած որոշմանը:

Հիշեցնենք՝ ՄԻԵԴ-ը մերժել էր Հրայր Թովմասյանի, Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի, Հրանտ Նազարյանի՝ միջանկյալ միջոց կիրառելու խնդրանքը:

«Այս որոշումը որևէ առնչություն չունի իրավունքների խախտման արձանագրման կամ հակառակը՝ իրավունքների խախտման բացակայության արձանագրման հետ։ Միջանկյալ միջոցը կարևոր ինստիտուտ է, որ կիրառվում է ՄԻԵԴ-ում։ Եթե քաղաքացիական ատյանի դատարանում անձը միջնորդում է, որ, ասենք՝ իմ օգտին որոշում կայացնեք, այս կոնկրետ միջոցը կիրառեք, որպեսզի հնարավոր լինի վճիռ կատարել, դատարանը, եթե գտնում է, որ վճիռը կատարելու հետ որևէ խնդիր չի լինի, կարող է և հայցի ապահովման միջոցը չկիրառել։ Այսինքն, մեծ հաշվով միջանկյալ միջոցի կիրառման հարցը ուռճացված է իշխանական ներկայացուցիչների կողմից»,- ասել է Մելիքյանը:

Հարցին, թե չի՞ հաստատվում իշխանությունների պնդումը, թե գործ ենք ունեցել օրինական գործընթացի հետ, Ռուբեն Մելիքյանն ասել է. «Բացարձակ չի հաստատում՝ Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումները նորից չվկայակոչենք։ Սա մի բան է նշանակում՝ Եվրոպան ուներ շանս իր դերն ունենալ, մասնաբաժինն ունենալ, շահառուն լինել Հայաստանում սահմանադրական կարգի վերականգնման գործընթացին։ Ընդամենն այս պահին Եվրոպան այդ շանսը կորցրեց։ Եվրոդատարանը նշել է, որ մերժում է խնդրանքը՝ կիրառել միջանկալ միջոց, այն հիմքով, որ այն դուրս է հայտնի 35-րդ կանոնի շրջանակից։ Եվ շատ կասկածելի է, որովհետև, եթե 35-րդ կանոնի շրջանակներից դուրս էր, բա ինչի՞ էին հարցեր ուղղվում կառավարությանը։ Այստեղ ինչ-որ բան այն չէ»:

Եթերի ընթացքում իրավապաշտպանը նշել է, որ կասկածի տակ է դնում ՄԻԵԴ-ի կայացրած որոշումը. «Որոշումը ոչ միայն կասկածելի է. ևս մեկ փաստարկ կբերեմ, չնայած նրա նշանակությունը մեծ չէ, իշխանությունները նրան մեծ նշանակություն տվեցին։ Երեկ ամբողջ իշխանական էլիտան անհասկանալիորեն ինչ-որ բան էր տոնում։ Այստեղ շատ կասկածելի էլեմենտներ կան։ Հրապարակային տեղեկատվություն կա, և դուք կարող եք Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչի կայքում տեսնել, որ Հայաստանի մշտական ներկայացուցիչը Եվրոպայում բառացիորեն մեկ օր առաջ հանդիպել է Եվրոպական դատարանի նախագահի հետ։ Ի՞նչ են քննարկել էդտեղ։ Դժվար թե քննարկած լինեն Եվրոպայի խորհրդի և Հայաստանի լայն օրակարգի հարցեր»,- ասել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

«ՄԻԵԴ-ի որոշումը կասկածելի է. այստեղ ինչ-որ բան այն չէ». Ռուբեն Մելիքյան