Երևան`   +22 °C
Այսօր`   Կիրակի, 09 օգոստոսի, 2020 թ.

Հայաստանը չի մասնակցի ԱՊՀ երկրների առաջին խաղերին

199
Չորեքշաբթի, 08 հուլիսի, 2020 թ., 22:05
Հայաստանը չի մասնակցի ԱՊՀ երկրների առաջին խաղերին

Կորոնավիրուսի համավարակի տարածմամբ պայմանավորված՝ Հայաստանը սեպտեմբերի 4-10-ը չի մասնակցի ԱՊՀ երկրների առաջին խաղերին։ Հուլիսի 6-ին կայացած՝ ԱՊՀ անդամ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կառավարման մարմինների ներկայացուցիչների հեռավար խորհրդակցության ընթացքում քննարկվել են ԱՊՀ երկրների 1-ին խաղերի նախապատրաստական աշխատանքների և անցկացման վերաբերյալ հարցեր։ Հայաստանից քննարկմանը մասնակցել է ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը: Տարածված պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ ողջունելով խորհրդակցության մասնակիցներին, նա ընդգծել է. «Մենք մեծ ոգևորությամբ աջակցել ենք ԱՊՀ երկրների առաջին խաղերի անցկացման գաղափարին և նախապատրաստվել ենք դրան, սակայն COVID-19-ը չի շրջանցել Հայաստանը, և մեր երկրում ստեղծված համավարակային իրավիճակը թույլ չի տալիս մասնակցել միջոցառմանը։ Մարտի 16-ից Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարված, ավիացիոն հաղորդակցությունը սահմանափակվում է արտերկրում գտնվող մեր հայրենակիցների վերադարձի կազմակերպմամբ։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Հայաստանը չի կարող մասնակցել ԱՊՀ երկրների առաջին խաղերին, բայց ես համոզված եմ՝ բոլորս միասին հաղթելու ենք կորոնավիրուսի դեմ պայքարը։ Ամեն ինչ անցնում է, սա էլ կանցնի, և մենք կկարողանանք շարունակել համագործակցությունը՝ ի շահ մեր ժողովուրդների»: