Երևան`   +10 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Հանրության ուշադրությունը հրավիրեմ մի հանգամանքի վրա». Մարիա Կարապետյան

363
Երեքշաբթի, 07 հուլիսի, 2020 թ., 17:30
«Հանրության ուշադրությունը հրավիրեմ մի հանգամանքի վրա». Մարիա Կարապետյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կուզեի հանրության ուշադրությունը հրավիրել մի հանգամանքի վրա։

Երբ հրապարակվեց Վենետիկի հանձնաժողովի հունիսի 19-ի կարծիքը Հայաստանում Սահմանադրական դատարանի 2015 թվականի մոդելի իրագործման վերաբերյալ, բոլորիս ուշադրությունն, իհարկե, գրավել էր Կառավարության տված երեք հարցերի պատասխանները։

Սակայն կարծիքի 35-րդ հոդվածում մի շատ հետաքրքիր միտք կա, որին քիչ ուշադրություն ենք դարձրել։ Հիմնավորելու համար, թե ինչու Սահմանադրական դատարանի դատավորները ոչ թե պետք է մինչև թոշակի տարիքը պաշտոնավարեն, այլ որոշակի ժամկետով, հանձնաժողովն ասում է․ «Տասներկու տարի ժամկետը լիովին համապատասխանում է եվրոպական չափանիշներին: Անժխտելի է, որ նման սահմանափակ ժամկետը թույլ է տալիս Դատարանի կազմի կանոնավոր և մասնակի թարմացում՝ ապահովելով բազմազանության և բազմակարծության որոշակի աստիճան և ներկայացուցչության ավելի մեծ հավասարակշռության: Այն թույլ է տալիս փոփոխվող խորհրդարանական մեծամասնությանը ընտրել այս կամ այն տենդենցի դատավորների և ավելի լավ արտացոլել հասարակության փոփոխվող քաղաքական և հասարակական հայացքները»:

Սա շատ կարևոր է ֆիքսելու համար, որ որքան էլ Սահմանադրական դատարանը հանրային իշխանության մի մարմին է, որը ոչ միայն կուսակցական այլ նաև քաղաքական չեզոքություն պետք է պահապանի կոնկրետ քաղաքական գործընթացների նկատմամբ, այս մարմինը այնուամենայնիվ լայն իմաստով հանրության քաղաքական կյանքի մասն է, և դրա ներսում նույնպես պետք է լինի բազմազանություն, բազմակարծություն, ներկայացուցչականություն և արտացոլվեն հանրության արժեքները»: