Երևան`   +19 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Ո՞վ չգիտի Հայաստանի առողջապահական համակարգի էս ախտերի մասին». Սուրեն Սահակյան

1095
Չորեքշաբթի, 08 հուլիսի, 2020 թ., 04:10
«Ո՞վ չգիտի Հայաստանի առողջապահական համակարգի էս ախտերի մասին». Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանում ո՞վ չգիտի, որ բժշկի ձեռքն ընկար, նա քեզ համար այլևս աստված ա դառնում։ Այդուհետ նա ա որոշում գրպանիդ պարունակութունը, որտեղից ես առնելու դեղերդ, ինչ դեղերով ես բուժվելու, որ լաբորիատորիայում ես անալիզներ հանձնելու, ծանր դեպքերում՝ կապրես, թե կմեռնես։

Հայաստանում լավ ու հարազատ բժիշկ ունենալը նշանակում ա, որ կյանքիդ որակը վատը չի լինի՝ մի կարևոր հարց արդեն լուծված ա կյանքում։ Մարդիկ ձգտում են անպայման բժշկի հետ «լավ լինել», ընկերություն, քավոր-սանիկական հարաբերություններ են հաստատում, «մաղարիչի» հարցում չեն սահմանափակում իրենց, որովհետև, եթե բժշկի հետ «լավ լինես», կարող ա մի քանի տարվա լրացուցիչ կյանք վաստակես, ինչը չէր լինի, եթե սրտացավ բժշկի հսկողություն չլիներ։ Եթե հարազատ բժիշկ ունես, ապա գուցե քեզ կորոնավիրուսային ախտանշաններով հոսպիտալացնեն, թե չէ՝ «տեղ չկա»։ Հայաստանում մայրերը երազում են, որ իրենց զավակները բժիշկ դառնան։ Մայրերը երազում են, որ իրենց երեխաները պահանջված լինեն ու պաշտպանված լինեն։ Պաշտպանված, որովհետև բժիշկների հետ «աշխարհի տերերն» էլ են փորձում «լավ լինել»՝ նրանք բժիշկներին են պահպանում, բժիշկները՝ նրանց։

Հայաստանում, եթե բժշկից դժգոհելու առիթ կա, չես կարող արտահայտվել, որովհետև հիվանդդ դեռ իր տիրապետության տակ ա՝ կարող ա մի վատություն անի։ Ծննդօգնությունը ձրի ա, բայց եթե ուզում ես լավ մասնագետ նայի, ապա պետք ա լրացուցիչ վճարես ու դա բացառապես կանխիկ, անձամբ բժշկին, առանձին, որ ոչ ոք չտեսնի։ Եթե չվճարես, ինչ ասես կարող ա պատահի, եթե դու հրաժարվես, ապա միշտ աչքիդ առաջ վտանգ ա լինելու, որ անհրաժեշտ պահին անհրաժեշտ օգնությունը կարող ա չստանաս կամ ուշացումով ստանաս կամ փողով ավարտած «բժշկի» ձեռքն ընկնես։ Կարող ա քեզ մոռանան հիվանդանոցի պալատներից մեկում, առաջնահերթ բուժօգնությունը տրամադրեն նրանց, ով գլուխը կախ վճարում ա։

Հայաստանում նույն գանգատներով 5 բժշկի մոտ ես գնում, 4 տարբեր հիվանդություն են ախտորոշում կամ 3 տարբեր բուժում են նշանակում ու չես իմանում՝ որին հավատալ, ինչ ճանապարհով գնալ։ Հայաստանում, երբ դու դիմում ես ոչ հարազատ բժշկի ու նա հետազոտություններ ա նշանակում, երբեք չես կարող վստահ լինել՝ դա էն անհրաժեշտ հետազոտությունների քանակն ա՞, որ քեզ պետք ա, թե՞ մի 50 հազար դրամի լրացուցիչ հետազոտություն են գրել, որովհետև դրանցից լաբորատորիան բժշկին ատկատ ա տալիս։ Հայաստանում բժիշկն ասում ա միայն էս լաբորատորիայում անալիզ կհանձնես, որովհետև մյուսները վստահելի չեն։ Վստահելի չեն, կարող ա խաբեն, գրողը տանի, Կառլ: Երբ քեզ բուժման համար թանկ դեղ են նշանակում, դու չգիտես՝ արդյո՞ք դա էն ա, ինչ քեզ պետք ա, թե՞ կարելի էր ավելի էժան կուրսով բուժվել։ Չգիտես՝ արդյոք դա չի՞ արվում, որ էդ դեղի ներմուծողից էլ կամ դեղատնից էլ բժիշկը ատկատ ստանա։

Ո՞վ չգիտի Հայաստանի առողջապահական համակարգի էս ախտերի մասին։ Բոլորը գիտեն։ Ուղղակի սովորության ուժով դրա մասին բարձր չեն խոսում։ Խոսում են, երբ բանը բանից անցնում ա, երբ էս համակարգը մարդու կյանք ա խժռում։ Խոսում են ու լռում, որովհետև ողջ մնացածները դեռ ապրել են ուզում, դեռ իրենք էլ են վաղ թե ուշ անցնելու համակարգի մսաղացի միջով։ Հիմա էլ, ըստ սովորության, ընդունված չի խոսել կորոնավիրուսով հիվանդներին դարձվող ուշադրության առանձին դրվագների մասին։ Էսքան ժամանակ միայն կորած դիակի պատմությունն ա լայն քննարկվել, բայց մենք հո գիտե՞նք, որ սա փոքր տեղ ա ու Երևանում հնչած փռշտոցը մի շաբաթից երկրի ամենախուլ անկյուններում արձագանքում ա։ Իհարկե, պետք ա շնորհակալ լինել բուժաշխատողներին, էդպես ա ընդունված։ Նրանք մեծամասամբ իրենց քիչ վճարվող գործը պատվով են կատարում, բայց երբ էդպես չի, դրա մասին ընդունված չի խոսել։ Ես ցավում եմ, որ հարազատների կողմից թույլտվություն չունեմ խոսելու տարբեր խայտառակ դեպքերի մասին։ Մարդիկ չեն խոսում, որովհետև հիվանդը դեռ ողջ ա ու պետք չի հարուցել նրա «աստվածների» դժգոհությունը։ Խնդիրը հաճախ նույնիսկ կառավարիչները չեն։ Կառավարիչներից, իհարկե, կախված ա աշխատողների բարեխղճությունը, բայց չեն կարող առանձին մարդիկ բոլորին հետևել, բոլոր սխալները կանխեն, եղածներն էլ շտկեն։ Խնդիրը համակարգն ա, ամբողջությամբ։ Այ, սրա փոխելն արդեն, ամբողջությամբ կառավարիչների հմտություններից ու ոլորտային խնդիրների լուծման վերաբերյալ գիտակցությունից ա կախված։

Հնարավոր չէ՞ր էս ընթացքում համակարգի փիլիսոփայությունը փոխել։ Իհարկե, ոչ ամբողջությամբ, բայց հնարավոր էր քայլեր անել, որոնք տեսանելի կդարձնեին ամենալավ ապագան։ Համակարգը, որ միտված ա նվազագույն ծախսերով առավելագույն շահույթ ստանալ, չի կարող մեզ անհրաժեշտ ծառայությունները մատուցել։ Էս համակարգի մեջ արվող ցանկացած ծախս, մեծ հաշվով, կորած ծախս ա։ Սա անտակ տակառ ա, որի մեջ ինչքան էլ լցնես, գնալու ա, կորչի։ Արմատից պետք ա ամեն ինչ փոխել ու ստիպել այլ տրամաբանությամբ աշխատել։ Հեծանիվ հորինել պետք չի, բոլոր լուծումները կան։ Դեռ առիթներ կլինեն էս հարցերի լուծումների շուրջ մեր կուսակցության ծրագրերի մասին խոսելու։

Էսօր հարցն ուրիշ ա։ Էսօրվա կառավարիչները, կարծես, տենց էլ չհասկացան իրենց որոշումների հետևանքների իրական ծավալները։ Ինձ թվում ա՝ իրենց թվում ա, թե ինչ-որ համակարգչային խաղի մեջ են, որտեղ խաղում հաջողելու համար երկար ժամանակ ու սխալվելու անսահման հնարավորություններ ունեն։ Ես չգիտեմ՝ ինչ դրսևորում ա ունենալու էս համակարգի պատասխանատուներից մարդկանց դժգոհությունը։ Գուցե դա լուռ ատելության վերածվի, գուցե բողոքի ցույցերի, գուցե ընտրություններում կորսված քվեների, բայց վստահ եմ, որ չի ներվելու էն գինը, որ էսօր վճարվել ա ամենապրիմիտիվ սխալների համար։ Չեն ներելու համակարգի յուրաքանչյուր խնդիր իր մաշկի վրա զգացած հիվանդները։ Չեն ների էդ համակարգային բացերի պատճառով անօգնական մահացածների հարազատները։ Ոլորտի կառավարիչներին, ինձ թվում ա, կմնա հուսալ, որ պատասխանատվությունը միայն քաղաքական հարթակում լինի։ Կարծում եմ՝ ազնիվ կլինի, եթե նրանք խոստովանեն սխալները, ներողություն խնդրեն ու հեռանան։ Դա, գուցե, արժանապատիվ դիտվի ու հավուր պատշաճի գնահատվի։ Գուցե մարդիկ դրանից հետո վրեժի ամենատարբեր դրսևորումներից հրաժարվեն ու տեղ բացվի մասնագետների համար, որոնք իրականում ռեֆորմներ անելու ցանկություն ու կարողություններ կունենան»: