ԱՀԿ-ն բարձր է գնահատում կորոնավիրուսի դեմ դեքսամետազոնի կիրառման նախնական արդյունքները
2978
Ուրբաթ, 19 հունիսի, 2020 թ., 01:05
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ողջունում է Միացյալ Թագավորության կլինիկական փորձաքննության նախնական արդյունքները, որոնք ցույց են տալիս, որ դեքսամետազոն դեղամիջոցը, որը հանդիսանում է կորտիկոստերոիդ, կարող է փրկել COVID-19-ով ծայրահեղ ծանր հիվանդներին։ Ըստ ԱՀԿ-ին ներկայացված նախնական տվյալների՝ թոքերի արհեստական օդափոխման սարքերին միացված հիվանդների մոտ այս դեղամիջոցով բուժումը ցույց է տվել, որ նրանց մահացությունը կրճատվել է մոտ մեկ երրորդով, իսկ միայն թթվածնի պահանջ ունեցող հիվանդների դեպքում մահացությունը կրճատվել է մոտ մեկ հինգերորդով։ Ասվում է նաև, որ դեղամիջոցը օգտակար է եղել միայն COVID-19-ով ծայրահեղ ծանր հիվանդների համար, և չի ուսումնասիրվել թեթև ախտանիշներով հիվանդություն ունեցողների մոտ: «Սա առաջին բուժումն է, որը ցույց է տալիս, որ այն նվազեցնում է մահացության հավանականությունը COVID-19-ով հիվանդների մոտ, որոնք թթվածնի կարիք ունեն, -ասել է ԱՀԿ գլխավոր տնօրեն, դոկտոր Թեդրոս Ադհանոմ Գեբրիեսուսը և հավելել,- սա հիանալի նորություն է, և ես շնորհավորում եմ Միացյալ Թագավորության Կառավարությանը, Օքսֆորդի համալսարանին և Մեծ Բրիտանիայի բազմաթիվ հիվանդանոցներին ու հիվանդներին, ովքեր իրենց ներդրումն են ունեցել այս փրկարար գիտական առաջընթացում»։ Դեքսամետազոնն օգտագործվում է 1960-ականներից սկսած՝ բորբոքումները նվազեցնելու համար, ներառյալ՝ բորբոքային խանգարումներն ու քաղցկեղի որոշ տեսակները: Այն 1977 թ․-ից ի վեր ընդգրկվել է ԱՀԿ հիմնական դեղերի ցանկում։ Դեղամիջոցը ներկայումս արտոնագրված է ու մատչելի շատ երկրներում: «Հետազոտողները ԱՀԿ-ի հետ կիսվել են ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ նախնական պատկերացմամբ, և առաջիկա օրերին ակնկալվում է տվյալների ամբողջական վերլուծություն: ԱՀԿ-ն կհամակարգի մետա-վերլուծություն՝ այս միջամտության վերաբերյալ ընդհանուր պատկերացումները բարելավվելու համար: ԱՀԿ կլինիկական ուղեցույցը կթարմացվի, որպեսզի հստակեցվի, թե ինչպես և երբ դեղը պետք է օգտագործել COVID-19-ի դեմ պայքարում» - ասված է հայտարարության մեջ։ Այսօրվա նորությունները հիմնված են ԱՀԿ Հետազոտությունների և Զարգացման նախագծերի խորհրդակցության վրա, որը տեղի է ունեցել Ժնևում փետրվարի կեսերին՝ COVID-19-ի համար բժշկական տեխնոլոգիաների զարգացումն արագացնելու նպատակով, որտեղ ստերոիդների օգտագործման հետագա ուսումնասիրությունները կարևորվել են՝ որպես առաջնային խնդիր: