Երևան`   +19 °C
Այսօր`   Ուրբաթ, 10 հուլիսի, 2020 թ.

«Ինչպե՞ս են քաղաքական ուժերը պատմության մեջ մնալու համավարակից հետո»․ Գրիգոր Երիցյան

397
Կիրակի, 07 հունիսի, 2020 թ., 03:25
«Ինչպե՞ս են քաղաքական ուժերը պատմության մեջ մնալու համավարակից հետո»․ Գրիգոր Երիցյան

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ճգնաժամերի ժամանակ առանցքային է ընդդիմության դերը, իսկ այս ճգնաժամն ամենամեծն է երկրորդ համաշխարհային պատերազմից հետո:

Ֆրանսիայում նախագահ Մակրոնի ուղերձից հետո մի քանի օրում քաղաքական դաշտը համախմբվեց՝ կենտրոնանալով ճգնաժամի վրա և մի կողմ թողնելով քաղաքական հակասությունները:

Պորտուգալիան վիրուսի դեմ պայքարի եվրոպական լավագույն օրինակներից է: Լինելով վարակակիրների թվով առաջատար Իսպանիայի հարևանը, լինելով Եվրոպայում 80-ից բարձր բնակչությամբ 3-րդ երկիրը և չունենալով զարգացած առողջապահական ենթակառուցվածքներ, Պորտուգալիան պատվով դուրս եկավ ճգնաժամից, քանի որ ի տարբերություն Իտալիայի և Իսպանիայի՝ Պորտուգալիայի կառավարությունը ստիպված չէր միաժամանակ պայքարել վիրուսի և ընդդիմության դեստրուկտիվ գործողությունների դեմ:

Կանադայում ընդդիմադիր կուսակցությունները հայտարարել են, որ ճգնաժամը պետք է բացառի կուսակցականությունը և այն հնարավոր է հաղթահարել միայն միասնականության շնորհիվ:

Հնդկաստանում թվով 22 ընդդիմադիր կուսակցություններ հայտնել են իրենց մտահոգությունը կառավարության ճգնաժամային կառավարման մասին, բայց միավորվել են՝ առաջարկելով կառավարությանը համատեղ աշխատել համավարակի հաղթահարման ուղղությամբ:

Հոնկոնգում ընդդիմությունը դադարեցրել է երկարատև և զանգվածային ցույցերը՝ չնայած կառավարության նկատմամբ բարձր անվստահությանը, ինչի արդյունքում լինելով Չինաստանին այդքան մոտ՝ երկրում կա ընդամենը 1000 վարակակիր, իսկ ասօր ավելացել է 3 վարակակիր:

Սինգապուրում կա 40.000 վարակակիր և թիվն աճում է ամեն օր, ուստի ընդդիմադիր կուսակցությունները միացել են կառավարության ջանքերին և միասին պայքարում են վարակի դեմ:

Վենեսուելայի կառավարությունը, որտեղ երկարատև քաղաքական ճգնաժամ է, համաձայնագիր է ստորագրել ընդդիմության կողմից ղեկավարվող պառլամենտի հետ՝ համաճարակի դեմ պայքարելու համար:

Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունները հայտարարել են, որ ժամանակավորապես մի կողմ են դնում տարաձայնությունները և պատրաստ են աջակցել վարակի դեմ պայքարին:

Հարավային Աֆրիկայում իշխող և ընդդիմադիր 14 կուսակցություններ աշխատում են միասին՝ չեզոքացնելու ճգնաժամի հետևանքները և մի կողմ են դրել քաղաքական շահերը:

Ավստրալիայում ճգնաժամը հանգեցրել է բացառիկ միասնականության իշխանությունների և ընդդիմության միջև: Նման համագործակցություն քաղաքական հակառակորդների միջև ավստրալացիները վաղուց չէին տեսել:

Արդյո՞ք հնարավոր չէ Հայաստանում ևս մի կողմ թողնել բոլոր քաղաքական տարաձայնությունները և համախմբվել մի նպատակի շուրջ: Արդյո՞ք սա կառավարության դեմ համախմբման կոչերի լավագույն ժամանակն է: Ինչպե՞ս են քաղաքական ուժերը պատմության մեջ մնալու համավարակից հետո: Արդյո՞ք իշխանության համար պայքարը մարդկային կյանքերից ավելի կարևոր է»: