Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Հայաստանին անհրաժեշտ է անվտանգության նոր մարմին/ծառայություն»․ Հ․ Խուրշուդյան

627
Կիրակի, 07 հունիսի, 2020 թ., 05:15
«Հայաստանին անհրաժեշտ է անվտանգության նոր մարմին/ծառայություն»․ Հ․ Խուրշուդյան

«Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երկար տարիներ լինելով ակտիվ քաղաքականության և հասարակական գործունեության մեջ ես (ինչպեսև շատ այլ իմ գործընկերներ և ոլորտի ներկայացուցիչներ) հատ առ հատ գիտեմ հասարակական և քաղաքական դաշտում առկա (ներդրված կամ հավաքագրված) առնվազն մի քանի տասնյակ ԱԱԾ գործակալների: Նոր Հայաստանում, իհարկե, ԱԱԾ գործակալ լինելը հանցագործություն չէ, «ապօրինի իշխանությանը մեղսակից» լինել չէ՝ ինչպես որ նախկինում էր: Ավելին, ցանկացած երկրին, առավելևս՝ Հայաստանին, անվտանգության ծառայություն պետք է՝ իր հետախուզությամբ և հակահետախուզությամբ, ու այն մարդիկ, հիմնականում երիտասարդները, ովքեր նախկինում էլ հավաքագրվում էին ԱԱԾ-ի կողմից, վստահաբար (համենայնդեպս, մեծամասնությունը) դա անում էր երկրին ծառայելու, դե ձեռի հետ էլ, նաև, աշխատանք գտնելու մղմամբ: ԱԱԾ-ն իրավունք ունի համագործակցություն առաջարկել ու կամավորության հիմքով հավաքագրել ցանկացած ՀՀ քաղաքացու, բացի որեւէ քաղաքական ուժի ղեկավար մարմնի ներկայացուցիչներից:
Բայց երբ սկսում եմ վերլուծել իմ իմացած աած-ականների վարքը հեղափոխությունից հետո, ակնհայտ է դառնում, որ նրանք ոչ թե սկսել են ծառայել Հայաստանի Հանրապետությանը, այլ շարունակում են ծառայել նախկին ռեժիմի ներկայացուցիչներին:

Հիմա այստեղ երկու տարբերակ կա.
1. Կամ ԱԱԾ-ն ամբողջությամբ որպես կառույց շարունակում է ստվերայնորեն ծառայել նախկիններին (կամ, ավելի վատ՝ Կրեմլին), մնացած լինելով նրանց հետ սերտ խնամի-ազգակցական, բիզնես և հանցակից կապերի մեջ,
2. Կամ էլ նախկինում հավաքագրված «ամենաարժեքավոր» գործակալներին «մուտք» չեն արել ԱԱԾ բազաներում՝ թողնելով նրանց նախկինների անմիջական վերահսկողության ներքո: Նույնը վերաբերում է այդ գործակալների միջոցով հավաքագրված տեղեկություններին: Ընդ որում՝ ոնց որ ամբողջ երկիրն էին մեջ-մեջ արել իշխանության միջի տարբեր ուժային կենտրոնները , այնպես էլ այս գործակալներին: Ու հիմա դրանիցից ամեն մեկը ծառայում է կոնկրետ կենտրոնի (Քոչարյան, Սերժ, փեսա, հիմա արդեն նաեւ Վանեցյան): Չնայած, իհարկե, մի նպատակ են հետապնդում. Տարատեսակ սադրանքների միջոցով ապակայունացնել իրավիճակը Հայաստանում՝ բաղձալի հեղաշրջման իրականացման սին հույսով:
Ու այս պայմաններում, անգամ չեն կարողանում ամբողջությամբ վերականգնել այն տեղեկատվական բազաները, որոնք անհայտացան հեղափոխության օրերին: Բա էլ ի՞նչ ասենք այն բազաների մասին, որոնք մեր պետության, բյուջեի հաշվին են ձևավորվել, բայց այդպես էլ ԱԱԾ սեփականությունը չեն դարձել, այլ մասնավոր անձանց եւ քրեա-քաղաքական խմբավորումների:
Հոգնեցինք կրկնել՝ ԱԱԾ-ն ևս վեթինգի կարիք ունի, ընդ որում ոչ թե միայն ապօրինի ձեռք բերված ունեցվածքի, հարստության մասով, այլ, որ շատ ավելի կարևոր է՝ ապօրինի գործունեության, քաղաքական գործիչների հավաքագրումների, կամ դրա փորձերի, կամ կուսակցությունների ղեկավար մարմիններում իրենց գործակալներին ներդնելու, նաև քաղաքական հետապնդումներին մասնակցելու մասով: Մի խոսքով՝ հենց Ազգային անվտանգության մարմինների մասին օրենքի կոպիտ խախտումների բացահայտման մասով: Որ նաև քաղաքական դաշտը մաքրվի, հասկականք ով ով է/էր: Չգիտես թե ինչու չի արվում:
Հիմա այս ամենից տեղյակ քաղաքացիները, հասարակական, քաղաքական գործիչները ի՞նչ խղճով համագործակցեն հայրենի ԱԱԾ-ի հետ՝ դրա անհրաժեշտությունը զգալու դեխքում, Հայաստանի ազգային–պետական շահերից ելնելով: Ո՞նց անեն, երբ վստահ չեն, որ ԱԱԾ-ում նստած են իրոք այդ շահերով տոգորված մարդիկ: Երբ ԱԱԾ-ն դեռ չի մաքրվել՝ այդ կառույցի մասին նման բան մտածելու հիմք ունենալու համար: Էլ չեմ խոսում այն մասին, որ նաեւ չկա վստահություն օտարերկրյա (տվյալ դեպքում՝ ռուսական, բայց նշանակություն չունի թե որ) հատուկ ծառայություններից մեր ԱԱԾ-ի ուղղակի կախված չլինելու վերաբերյալ:
Ասեմ, որ տեղեկատվական այս դարաշրջանում, ժամանակակից տեխնոլոգիաների պայմաններում, այսօր, օրինակ, Հայաստանում գործող հասարկական կազմակերպությունների շատ անդամներ, քաղաքական շատ գործիչներ, կարող են այնպիսի ծավալի տեղեկատվության տիրապետել (խոսքը պետական գաղտնիքների մասին չէ), որը համադրման դեպքում կբավարարի մի նոր անվտանգության ծառայություն գործի դնելու համար:
Հիմա մտածում եմ՝ եթե նոր իշխանությունները չեն կարողանում ազգային շահերի/օրինականության/արդարադատության դաշտ բերել ԱԱԾ-ն (իսկ այն հանգամանքը, որ այնտեղից դուրս եկող մերկանտիլ կադրերը շարունակում են համալրել իրենց հոգեհարազատ գանձագող «ընդդիմադիր» դաշտը՝ ընդամենը հաստատում է վերը շարադրածս մտահոգությունները), գուցե իրապես պետական, բացառապես ու անվերապահորեն Հայաստանի ժողովրդի շահերին նվիրված նոր անվտանգության ծառայությո՞ւն ձեւավորեն: Որը գործնականում, այլ ոչ թե թղթի վրա, կապահովեր այն, ինչի ապահովմանը որ կոչված է՝ անձի, հասարկության եւ պետության անվտանգությունը: Մանավանդ, երբ նայում եմ ովքեր են մեր աած-ականները (համենայնդեպս, նրանք ովքեր հրապարակային են դարձել)՝ ախր մեկը մյուսից ոչ կոմպետենտ են ու նյութապաշտ: Այնինչ բոլոր հաջողված հատուկ ծառայությունները հայտնի են եղել նրանով, որ նախ այնտեղ ներգրավվել են ոգեղեն արժեքների տեր մարդիկ (այլ հարց է, որ տոտալիտար հասարակություններում այդ արժեքները յուրովի էին ձեւակերպվել ու մեկնաբանվել), այսինքն՝ արծաթամերժ եւ բացառապես հայրենիքին, գաղափարներին եւ սկզբունքներին նվիրված, եթե կուզեք՝ անգամ ռոմանտիկներ, եւ հետո, որը ոչ պակաս կարեւոր է՝ նրանք իրական պրոֆեսիոնալներ էին, խորը սելեկցիա անցած: Մեր պետության համար կենսական անհրաժեշտություն է անվտանգության նման կառույցի ստեղծումը:
Էն օրը մի լավ գիրք էի կարդում նույն Մոսսադի ձեւավորման մասին: Մինչեւ դրա վերջնական կազմավորվելը այն տեսքով, որն այժմ ունի, եղել են մի քանի, երբեմն իրար հետ մրցակցող հատուկ ծառայություններ: Իհարկե, մրցակցությունը եղել է չափի մեջ ու կառավարելի ու միայն այն բանի համար, թե ով ավելի լավ կսպասարկի հրեա ժողովրդի ազգային շահերը: Ու ի վերջո մի կառույց ստեղծեցին, որը հիմա առանց պատերազմի, առանց Իսրայելի կողմից զոհերի, հերթով ներսից կազմաքանդում է Իսրայելի ախոյան հարեւան երկրները: Համենայնդեպս՝ մեծապես նպաստում է այդ գործընթացին:
Ուրեմն ասեմ, որ անգամ Մոսադի հզորությունը պետք չէ ունենալ Ադրբեջանի պես ահաբեկչական բայց խախուտ պետությունը կազմաքանդելու համար: Չնայած (եւ կարող եք ինձ էլ ռոմանտիկ համարել), ես հավատում եմ, որ եթե մեր պետության զարգացումը ճիշտ ընթացքով գնա՝ մենք կարող ենք Մոսադից էլ հզոր, համաշխարհային մասշտաբի անվտանգության ծառայություն ստեղծել: Ընդ որում, համաշխարհայինը ոչ թե Սփյուռքի շնորհիվ է լինելու, այլ նոր ու արժեքավոր գաղափարների, որոնք իրենց արձագանքը կգտնեին բոլոր ազգերի մոտ՝ հիմք ստեղծելով համընդգրկուն անվտանգության ձեւավորման գործում համագործակցության:
Հեշտ գործ չեմ ասում, բայց շատ բարդ էլ չի. ու եթե մեր լեգիտիմ, ժողովրդի վստահությունը իրապես վայելող իշխանության մեջ նաեւ գոնե մի քանի մեծալուրջ պետական գործիչ կա՝ այս գործը կարող են գլուխ բերել»։