Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

Մեքենաների պետհամարանիշների գողության փաստով կան ձերբակալվածներ

956
Ուրբաթ, 05 հունիսի, 2020 թ., 22:15
Մեքենաների պետհամարանիշների գողության փաստով կան ձերբակալվածներ

ՀՀ Ոստիկանության լրատվական ծառայությունը հայտնում է, որ վերջերս ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարածքային ստորաբաժանումներում մեքենաների համարանիշերի գողությունների վերաբերյալ հաճախ էին ահազանգեր ստացվում։ Միայն Նոր Նորք վարչական շրջանում 20-ից ավելի նման դեպք է արձանագրվել։ Նպատակը համարանիշերին տիրանալը չէր, թանկարժեք համարանիշերը վերադարձնելու դիմաց նրանք տերերից գումար էին պահանջում։ Համարանիշները գողանալուց հետո նրանք մեքենաների ապակիներին փակցնում էին գրություն՝ «Էս վայբերին կգրեք, հաշվեհամար կասենք, փող կուղարկեք, համարը տեղ կթողենք, կվերցնեք»։ Ընդ որում, գրության վրա թողնում էին արտասահմանյան հեռախոսահամար։ Տերերից ոմանք գրել են այդ համարին, ստացել հաշվեհամարը, պահանջված փողը փոխանցել ու տեղեկացել են, թե որտեղ է թաքցված իրենց մեքենայի համարանիշները։ Դեպքերի առթիվ ոստիկանության տարածքային ստորաբաժանումներում շորթման հատկանիշներով քրեական գործեր հարուցվեցին ու փոխանցվեցին տարածքային քննչական բաժիններ։ Նախաքննության շրջանակներում ոստիկանության ծառայողները ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումներ։ Հանցագործությունները բացահայտելու միջոցառումները հաջողությամբ հանգուցալուծեցին Նոր Նորքի ոստիկանները։ Նրանք օպերատիվ ճանապարհով պարզեցին կասկածվողների ինքնությունը։ Նրանց հայտնաբերելու միջոցառումներին միացել են նաև Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները։ Համատեղ աշխատանքի շնորհիվ հունիսի 4-ին կասկածվողներն Արմավիրի մարզում հայտնաբերվել ու բերման են ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին։ Երևանում բնակվող 22 և 24-ամյա երիտասարդները ոստիկանությունից ներկայացվել են տարածքային քննչական բաժին ու ձերբակալվել։ Հարուցված քրեական գործերի շրջանակներում օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են՝ դեպքերի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Մեքենաների պետհամարանիշների գողության փաստով կան ձերբակալվածներ