Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Ձեզ տեսալուսանկարահանելու դեպքում կարող եք դիմել անհրաժեշտ պաշտպանության». Վահան Հովհաննիսյան

452
Շաբաթ, 06 հունիսի, 2020 թ., 02:05
«Ձեզ տեսալուսանկարահանելու դեպքում կարող եք դիմել անհրաժեշտ պաշտպանության». Վահան Հովհաննիսյան

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ձեզ տեսալուսանկարահանելու դեպքում կարող եք դիմել անհրաժեշտ պաշտպանության:
ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում մարդու անձնական կամ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկություններն առանց նրա համաձայնության օգտագործելու կամ հրապարակային ելույթներով, հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործություններով կամ լրատվության միջոցներով այդպիսի տեղեկություններ տարածելու կամ հավաքելու կամ պահելու համար, եթե դրանք նախատեսված չեն օրենքով։

Հակահամաճարակային կանոնների խախտման համար ՀՀ քաղաքացիներին տեսա- կամ լուսանկարահանելու վերաբերյալ ՀՀ վարչապետի կոչն իր մեջ չի պարունակում թույլատրելի վարքագծի կանոններ պարունակող այնպիսի իրավական նորմ, որը հնարավորություն ընձեռի տեղեկություններ տարածելու կամ հավաքելու սուբյեկտ չհանդիսացող անձին ձեռնարկելու այդպիսի գործողություններ՝ տեսանկարահանել կամ լուսանկարահանել այլ անձանց։

ՀՀ քրեական օրենսգրքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հանցագործություն չի համարվում այն գործողությունը, որը կատարվել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում, այսինքն՝ պաշտպանվողի կամ մեկ այլ անձի կյանքը, առողջությունը և իրավունքները, հասարակության կամ պետության շահերը հանրության համար վտանգավոր ոտնձգությունից կամ դրա իրական սպառնալիքից՝ ոտնձգություն կատարողին վնաս պատճառելու միջոցով պաշտպանելիս, եթե թույլ չի տրվել անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում»:

Տեսանկարահանման կամ լուսանկարահանմանն ուղղված դիտավորյալ գործողությունների կատարման դեպքում, այդ գործողությունների օբյեկտ հանդիսացող անձինք իրավունք ունեն դիմել ՀՀ քրեական օրենսգրքի 42-րդ հոդվածով սահմանված անհրաժեշտ պաշտպանության՝ դրանից բխող բոլոր իրավական հետևանքներով։

Անհրաժեշտ պաշտպանության ընթացքում և դրա սահմաններում ձեռնարկված յուրաքանչյուր գործողության համար ոչ ոք ենթակա չէ քրեական պատասխանատվության»: