Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Մեդիա պաշտպան»-ն ահազանգում է Արցախում հայկական ՀԸ-ների հեռարձակումը խոչընդոտելու մասին

402
Հինգշաբթի, 04 հունիսի, 2020 թ., 12:05
«Մեդիա պաշտպան»-ն ահազանգում է Արցախում հայկական ՀԸ-ների հեռարձակումը խոչընդոտելու մասին

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն ահազանգում է, որ Արցախի հանրապետության տարածքում դադարեցվել է «5-րդ ալիք», «Շողակաթ», «Ա-թիվի» և ևս երկու հեռուստաընկերությունների հեռարձակումը: Ըստ ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանի լրատվամիջոցներին տրված մեկնաբանության՝ «խնդիրը զուտ տեխնիկական է: Խոսքը 5 ալիքների մասին է, որոնցից երեքը երևանյան են, երկուսը՝ այլ, մարզական և երաժշտական: Խնդիրները վերականգնելուն պես այդ ալիքների հեռարձակումը կշարունակվի»։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը լիահույս է, որ Արցախի տարածքում հայկական հեռուստաընկերությունների հեռարձակման դադարեցումը քաղաքական որևէ նպատակ չի հետապնդում և խոսքի ազատության դեմ ուղղված քայլ չէ։ Ցավալի կլինի, եթե Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնավարումը մեկնարկի լրատվամիջոցների ազատ գործունեության և խոսքի ազատության դեմ ուղղված քայլերով։ Որպես ժամանակակից ժողովրդավարական պետություն՝ Արցախի Հանրապետությունը մշտապես ժողովրդավարության սկզբունքների ամրագրման և խոսքի ազատության արժեքի գերակայության ապահովման օրինակ է ծառայել: Հուսով ենք՝ այս գործընթացն անշրջելի է: Հակառակ դեպքում՝ մեծ հարված է հասցվելու միջազգային ճանաչման խնդիր ունեցող Արցախի Հանրապետության հեղինակությանը, որպես ժամանակակից ժողովրդավարական պետություն, որի համար լրատվամիջոցների ազատ գործունեությունը և խոսքի ազատությունը կարևորագույն արժեքներ են:
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը լիահույս է, որ խնդիրն իրոք տեխնիկական է, և մոտ օրերս եթերից հեռացված հեռուստաընկերությունների հեռարձակումը Արցախի Հանրապետության տարածքում կվերականգնվի: Մենք ուշի ուշով հետևելու ենք իրադարձությունների զարգացմանը և հետամուտ ենք լինելու տեխնիկական խնդիրների հնարավորիս արագ լուծման գործընթացին: Անհրաժեշտության դեպքում հանդես կգանք լրացուցիչ հայտարարություններով և ստեղծված իրավիճակի մասին հանրությանն ու մեդիաների ազատ գործունեությունը պաշտպանող մասնագիտացված կոռույցներին անհրաժեշտ տեղեկատվություն կտրամադրենք»: