Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

«Ինժեները կգնա՝ գլուխը որպես էլեկտրիկ կպահի, բա էն հումանիտարներն ի՞նչ սև անեն»․ Վարդ Սիմոնյան

303
Երկուշաբթի, 01 հունիսի, 2020 թ., 08:55
«Ինժեները կգնա՝ գլուխը որպես էլեկտրիկ կպահի, բա էն հումանիտարներն ի՞նչ սև անեն»․ Վարդ Սիմոնյան

Լրագրող Վարդ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեր երիտասարդության 43 տոկոսը գործազուրկ է. Համաշխարհային բանկն ասում է՝ այստեղ էլ եք կեղծ համեստություն արել՝ 58 տոկոսից պակաս չէ, հաստատ։ Որ ոչ ՀԲ-ի տոկոսի տակ մնանք, ոչ էլ մեր պաշտոնական վիճակագիրների «մուննաթին»՝ միջինացված ցուցանիշը հրապարակենք. երկու երիտասարդից մեկը հաստատ անգործ է։ Եվ քանի որ սա ռազմական գաղտնիքից վերան փաստ է և կարող է ընդհուպ հոսել թշնամու ջրաղացը՝ խարխլելով երկրի ազգային անվտանգությունը, ուստի հատուկ մեր թշնամիների համար ասենք, որ մեր պետությունն ամենևին էլ քնած չէ և ամեն տարի առնվազն 5 միլիարդի պետպատվեր է իջեցնում ԲՈՒՀ–երի վրա, թե՝ հարգելի երիտասարդներ, գնացեք պետության հաշվին կրթվեք, մասնագետ դարձեք։ Դե նվեր ստացած ձիու ատամունքը հաշվելն էր ահագին խայտառակ զբաղմունք է, դրա համար էլ պետության փողով սովորող ուսանողի լեզուն չի պտտվում ասի թե՝ այ իմ անկախ, ազատ, ներողություն արտահայտությանս համար՝ ժողովրդավար ու սոցիալական պետություն ջան, ասենք գնացի, սովորեցի, վաղն իմ երեխային կարողանալո՞ւ եմ պահել քո տված մասնագիտությամբ։ Ախր եթե քեզ պետք չէր այդ մասնագիտությամբ մարդը, ինչո՞ւ փող տվեցիր, թե գնա մասնագետ դարձիր. ինձ, իմ ժամանակը չես ափսոսում, գոնե քո փողին ափսոսա, որ պոկել ես հազարների բերանից և հատկապես ինձ նվիրաբերել։ Դե հիմա թշնամու ականջը խուլ, ամեն տարի 4 հազար տնտեսագետ ես արտադրում՝ լավ իմանալով, որ մեր շուկան, քարը ճաքի՝ 250, 300
տնտեսագետի պահանջարկ է ներկայացնում ընդամենը։ Ասենք ինժեները կգնա գլուխը որպես էլեկտրիկ կպահի, բա էն հումանիտարներն ինչ սև անեն. թարսի պես էլ հումանիստ ես ու ամենաշատը հենց դրանից ես արտադրում, որոնց իսկի կեսը չի կարողանում խցկվել քո աշխատաշուկա և քեզ վաճառել քո իսկ պատվիրած ապրանքը։ Դե հիմա աչքդ լույս՝ սողանքը գնում է. այսօր աշխատանքային միգրանտների կեսից ավելին երիտասարդներն են, ուղիղ 98 տոկոսը՝ վերարտադրող տղամարդիկ։ Բա ե՞րբ ես քեզ նեղություն տալու, նստես գոնե մի չոբանահաշիվ անես, թե այսպիսի խրոխտ լոքերով գնալու դեպքում, քանի երեխա կունենաս դու, որ վաղը ժողովես դպրոց, բանակ տանես, կարողանաս վրադ պահել պետականությունդ, որ փողքերդ չընկնի ու քեզ տկլոր չկանգնացնի աշխարհի առաջ։ Բա մի երկիր ունենա այսքան ահռելի ստեղծագործական էներգիա ու չկարողանա՞ ձեր հանգով ասած՝ արդյունավետ մոտիվացնել։
Այսօր արդեն, եթե զբաղվածության շուկայից անջատենք սեզոնային աշխատողներին, երկրի գործազրկության ցուցանիշը կհասնի 73 տոկոսի։ Ու դու շատ լավ գիտես, որ էդ աշխատանք կոչվածն էլ մենակ էդ անտեր փողը չի, արժանապատվություն, առողջություն, որն ասեմ, ամեն ինչ է։ Ասում են՝ մեզ շրջափակում են, մեր ապրելը չի ուզում մեր դարավոր ոսոխը. Թայվանը համարյա մեր տարածքի չափ է և այնպիսի մի դիվանագիտական շրջափակման մեջ է, որ մի երեսուն երկիր է ընդամենը ճանաչում նրա անկախությունը, բայց այդտեղ 23 մլն մարդ է ապրում և նորագույն տեխնոլոգիաներով, փոքր և միջին բիզնեսով մտել է աշխարհի ամենաբարձր համախառն արդյունք տվող երկրների քսանյակ։ Այդ ի՞նչ հրաշք է, ինչպե՞ս, իհարկե՝ կրթությամբ, կրթության նկատմամբ դրսևորած վերաբերմունքով. ընդամենը 2 տարում Թայվանը 50 հազար մասնագետ վերադարձրեց իր երկիր, որոնք թևները քշտած նոր աշխատատեղեր գոյացրին կամ հորինեցին և մեռյալ տեղից բարձրացրին իրենց երկիրը: Այսօր եվրոպացին վախենում է իր ջահելությունից, որովհետև եթե ինքն այսօր պարտավորվել է մինչև 25 տարեկան բոլոր երիտասարդներին ապահովել երաշխավորված աշխատանքով, կնշանակի լավ է հասկանում, որ երիտասարդներին թողնել դրսում, կնշանակի փողոց նետել ծանր հրետանին, որը վաղն իր թաքստոցներից կրակելու է պետության վրա թմրադեղերից մթագնած ուղեղով, իր չծնած երեխաներով, իր գործած հանցագործություններով, քայքայված առողջությամբ, իր դժգոհության բարձր ինդեքսով: Եվ բավական է ջահելությանը մղել գեղարվեստական գրականության գիրկը, նրանք պարտավոր են գիտական, մասնագիտական գրականություն կարդալ։ Գեղարվեստական գրականությանը կարելի է ժամանակ տրամադրել մինչև 17 տարեկանը և իհարկե՝ թոշակի անցնելուց հետո։ Ափսոս է ժամանակը․․․»։