Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Ադրբեջանում սոցիալական բունտ է հասունանում». Կարեն Հովհաննիսյան

580
Կիրակի, 31 մայիսի, 2020 թ., 02:25
«Ադրբեջանում սոցիալական բունտ է հասունանում». Կարեն Հովհաննիսյան

Քրդագետ, ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փորձենք հասկանալ, թե ինչ էր ասում Ալիևը և ում էր ասում։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Քարադաղում փախստականների համար կառուցվող ավանում, հերթական բնակարանների բացման ժամանակ հանդես է եկել ելույթով, որի հասցեատերն Ադրբեջանի հասարակությունն է, և չզարմանաք, Հայաստանի։
Խոսքս փորձեմ կառուցել մեզ համար ամենազգայուն թեմայով։
Ալիևը 40 000 փախստակնների, այն փախստականների, ովքեր Ջաբրաիլից են հեռացել, բնակարանների բաժանման ժամանակ ասում է, որ բանակցային սեղանին փուլային տարբերակն է, չնայած որ Հայաստանի իշխանությունն ասում է, որ չկա նման բան։ Եվ ՀՀ իշխանության հասցեին թույլ տալիս ոչ կոռեկտ արտահայտություններ։
Ենթադրենք բանակցային սեղանին իսկապես մեզ համար ոչ ընդունելի, դավաճանական, իսկ իրենց համար ընդունելի փուլային տարբերակն է։ Այդ դեպքում Ալիևն ինչո՞ւ է վիրավորում ՀՀ իշխանությանը, ինչո՞ւ է ելույթի ողջ ընթացքում խոսում ուժի մասին, հարձակման մասին, և վերջապես, ինչո՞ւ է անընդհատ ասում, որ գրավելու են հողերը, և այնտեղ կառուցելու են այնպիսի գեղեցիկ շենքեր ինչպիսին այն շենքերն են, որոնք տրամադրում է Ջաբրաիլից տարհանվածներին։ Ալիևը Հայաստանի իշխանությանը համարում է պոպուլիստ և ստախոս, որոնք փորձում են մոլորեցնել միջնորդներին։ Այսինքն՝ Ալիևը փաստում է, որ մենք կարողանում ենք միջնորդներին ճիշտ ներկայացնել մեր տեսակետը, մեր պայմանները, ինչից էլ իրեն վատ է զգում Ալիևը։ Վերջապես, եթե սեղանին Ադրբեջանին ձեռնտու փուլային տարբերկան է, ապա ինչո՞ւ է նա ռազմատենչ հայտարարությամբ ավարտում խոսքը՝ Ղարաբաղը Ադրբեջան է և բացականչական նշան։ Ալիևն իր ողջ ելույթը կառուցում է բացառապես ռազմական գործողությունների վերսկսման տրամաբանությամբ։ Նա ասում է, որ նույնիսկ շատ ժողովրդավարական երկրներ, հանուն իրենց ազգային շահի, պատերազմ են սկսում, այնուհետև ասում, որ իրենց բանակը պատրաստ է լուծել ցանկացած առաջադրանք, ինչպես որ արեց 2016-ին և 2018-ին։ Այս երկու թվականներին ես առանձին կանդրադառնամ, որպեսզի այստեղ խոսքս չծանրաբեռնեմ։
Նորից եմ կրկնում, եթե կա փուլային տարբերակ սեղանին, որն էլ ընդունելի է Ադրբեջանի կողմից, ապա ինչու է․
1․ նոր ավան կառուցում փախստականների համար,
2․ ՀՀ իշխանության հասցեին արտահայտվում ոչ կոռեկտ,
3․ հարցի լուծման ռազմական ճանապարհն է անընդհատ մատնանշում,
4․ ցավալի է ընդունում Արցախի նախագահական ընտրությունները և թվարկում, թե ինչպիսի միջազգային կառույցներ այն չեն ճանաչել։
Այսպես ասած, թող սուս մնա ու իրենց ուզած տարբերակով հարցը լուծեն։
Իսկ հիմա հասցեատերերի մասին։
Ադրբեջանում սոցիալական բունտ է հասունանում, ինչպես նաև շատ սրված են միջէթնիկական հարաբերությունները, այս ֆոնի վրա Բաքվի բռնապետը փորձում է ցույց տալ, որ արտաքին քաղաքականության մեջ, հատկապես բանակցային գործընթացում ունեն հաջողություն։ Մյուս կողմից, անուղղակի բոլոր նրանց, ովքեր կփորձեն գործել իշխանության դեմ, համարում է դավաճան, քանի որ իշխանությունը զբաղված է բանակաշինությամբ, որպեսզի օր առաջ գրավի հողերը։
Մեր մասով. փորձում է ազդել ներհայաստանյան տրամադրության վրա՝ կրկին ասպարեզ նետելով փուլային տարբերակի մասին տեղեկություն՝ խոսքը համեմելով մեր երկրի իշխանության հասցեին վիրավորական խոսքերով։ Ալիևը շատ լավ գիտի, որ մենք շատ ավելի զգայուն ենք Արցախի բանակցային հարցում, հենց դրա պատճառով նաև ասում է, որ իբրև թե մեզ խաբում է մեր իշխանությունը։ Դրանով փորձում է ազդել ներհայաստանյան քաղաքական կյանքի վրա»: