Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ կարծիքը

1245
Ուրբաթ, 29 մայիսի, 2020 թ., 14:55
Հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ կարծիքը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է Ռոբերտ Քոչարյանի գործով Սահմանադրական դատարանի դիմումի վերաբերյալ խորհրդատվական կարծիքը։
ՍԴ հարցադիմումները բաղկացած էին 4 կետերից։ ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ չի կարող պատասխանել ՍԴ առաջին երկու հարցերին։ Դատարանը նշել է, որ խորհրդատվական եզրափակումը պետք է «սահմանափակվի այն կետերով, որոնք առնչվում են ներքին գործով ընթացող դատավարություններին»: Նշվել է նաև, որ դատարանը չի պատասխանի այն հարցերին, որոնք չեն բավարարում 16-րդ արձանագրության չափանիշները:
Մասնավորապես, դատարանը որևէ ուղիղ առնչություն չի գտել այդ հարցերի և նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընթացող քրեական հետապնդման գործընթացի միջև։ ՍԴ երրորդ հարցը վերաբերում էր նրան, թե արդյոք այս իրավիճակը համատեղելի է Կոնվենցիայի 7-րդ հոդվածի հետ, կարո՞ղ է արդյոք, ավելի բարձր իրավաբանական ուժ և վերացականության ավելի բարձր աստիճան ունեցող իրավական ակտերի որոշակի իրավադրույթներին հղում պարունակող և դրա ուժով հանցագործություն սահմանող քրեական օրենքը բավարարել որոշակիության, հասանելիության, կանխատեսելիության և կայունության պահանջները։
Դատարանը որոշել է, որ այդպիսի դրույթը, որն օգտագործում է (blanket reference) կամ «օրենսդրություն հղումով» տեխնիկան՝ արարքը կամ անփութությունը քրեականացնելու համար, պետք է հնարավորություն տար անձանց կանխատեսել, թե որ արարքը կարող էր իրենց քրեորեն պատասխանատու դարձնել։

ՍԴ-ի չորրորդ հարցը վերաբերում էր ՔՕ հետադարձ կիրառման արգելքի սկզբունքին, մասնավորապես, թե ինչպիսի չափորոշիչներ են սահմանված հանցանքի կատարման պահին գործող և դրանից հետո փոփոխված Քրեական օրենքների համադրման համար (Կոնվենցիայի 7-րդ հոդվածի 1-ին մաս):
ՄԻԵԴ-ը կարծիք է հայտնել, որ նման գնահատականներն ավելի շուտ պետք է հաշվի առնեին դեպքի հատուկ հանգամանքները (կոնկրետացման սկզբունք), ոչ թե իրականացվեին աբստրակտ ձևով (in abstracto)։