Երևան`   +8 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Սրանից երկու տարի առաջ ես նման բան չէի գրի». Վարդան Հարությունյան

485
Հինգշաբթի, 28 մայիսի, 2020 թ., 20:40
«Սրանից երկու տարի առաջ ես նման բան չէի գրի». Վարդան Հարությունյան

Հասարակական գործիչ, իրավապաշտպան, հրապարակախոս Վարդան Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր մայիսի 28-ն է։ 1918-ի այս օրը Հայաստանը անկախ հանրապետության կարգավիճակ ձեռք բերեց։ Եթե չլիներ այդ հանրապետությունը, ապա մեծ հարց է՝ կլինե՞ր արդյոք մեր այս հանրապետությունը, որտեղ մենք ենք այսօր ապրում։ Դատարկաբանները մեր այսօրվա հանրապետությունն անվանում են երրորդ հանրապետություն, որպես երկրորդ նշելով ռուսական կայսրության մաս կազմող Հայաստանի սովետական սոցիալիստական հանրապետությունը։ Նրանք չեն հասկանում կամ նրանց սովետական անցյալն ու դաստիարակությունը նրանց թույլ չի տալիս հասկանալ, որ իրենց նշած «հանրապետությունը» Մոսկվայից ուղիղ ղեկավարվող իրավազուրկ մի տարածք էր, և թյուրիմացություն է այն հայկական հանրապետության անվանելը։ Ինչևէ։ Թողնենք սա։ Պատմությունը կանի իր սրբագրումները։ Եթե անհրաժեշտ է հանրապետությունները թվագրել (կա նման սովորություն), ապա՝ իմ թվագրմամբ մենք ապրում ենք Հայաստանի երկրորդ հանրապետությունում, և պարտավոր ենք այս հանրապետությունը արժևորել։ Դարձնել այն օրինակելի մի երկիր, որի քաղաքացիները ազատ ապրելու և ազատ արարելու իրավունքներով օժտված կլինեն։ Պարտավոր ենք դարձնել մեր երկիրը մի երկիր, որի քաղաքացիների ունեցած ազատություններին ու բարեկեցությանը կնախանձեն հարևանները։
Սրանից երկու տարի առաջ ես նման բան չէի գրի։ Ինձ կհեգնեին։ Այսօր նման երկիր ունենալու ճանապարհը նշմարվում է։ Չեմ ասում, թե հստակ երևացող լայն մի մայրուղի է։ Բայց այն նշմարվում է, ու դա չընդգծել ու դրանով չուրախանալ չի կարելի»։