Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Առանց դիմակի, բայց դուբինկայով ոստիկաններից մեկն ասաց՝ լավ եմ արել». Սոսի Թաթիկյան

454
Հինգշաբթի, 28 մայիսի, 2020 թ., 19:20
«Առանց դիմակի, բայց դուբինկայով ոստիկաններից մեկն ասաց՝ լավ եմ արել». Սոսի Թաթիկյան

Հանրային կառավարման մասնագետ Սոսի Թաթիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շաբաթներով մայրիկիս հետ փողոց դուրս չէի եկել, ընդհանրապես շատ քիչ ենք դուրս գալիս: Երեկ 19:00-ի կողմերը, որոշեցինք միասին քայլելով գնալ գնումներ կատարել: Ոտքով իջնում էինք Սիլվա Կապուտիկյանի փողոցով՝ Անվտանգության խորհրդի գրասենյակի մոտով: Փողոցում մարդ չէր երևում, ու մի քիչ առաջ փոքր խանութից համարյա թե շնչահեղձ դուրս գալուց հետո, դիմակներն իջեցրել էինք, որ մի քիչ օդ շնչենք:

Դատարկ փողոցում անսպասելիորեն ու առանց մեզնից որևէ հեռավորություն պահելու մեր կողքով անցան երկու ոստիկան, որոնցից մեկի դիմակն իջեցված էր: Այնպես անաղմուկ հետևից մոտեցան, որ մենք չէինք նկատել, որ դիմակները բարձրացնենք: Ես դիմակս ուշացումով բարձրացրեցի ու հետևից ձայն տվեցի, հարցնելով, թե ինչու դատարկ փողոցում մեզ այդքան մոտեցան առանց դիմակի: Նրանցից մեկը, ով առանց դիմակի էր, բայց դրա փոխարեն դուբինկայով, կներեք, հայերեն անվանումը չեմ հիշում, ասեց, որ լավ է արել: Ասեցի, որ կբողոքեմ, ասեց՝ ում ուզում ես բողոքի: Ասեցի, որ կհանրայնացնեմ ու իրենց պատասխանատվության կենթարկեմ մեզ վարակելու փորձի համար: Այդ պահին ինչ-որ պաշտոնյայի, երևի թե նախագահի ավտոշարասյունն անցավ ու նրանք կանգ առան պատվի առնելու: Այդ ընթացքում մենք իրենցից առաջ անցանք: Դրանից հետո նրանք երկուսով սկսեցին կրնկակոխ, առանց հեռավորություն պահպանելու գալ մեր հետևից՝ մեկը շարունակելով մնալ առանց դիմակի ու առնվազն մեկը՝ մահակով: Մայրիկիս մոտ խուճապ սկսվեց. նա կարծեց, թե ինձ կամ մեզ վնասելու են: Ես ձայնս բարձրացրեցի ու հարցրեցի, թե ինչու են կրնկակոխ մեզ հետապնդում: Կանգ առա, որ իրենց լուսանկարեմ: Հենց հասկացան, որ պատրաստվում եմ լուսանկարել, ու քանի որ արդեն մարդաշատ Բաղրամյան փողոց էինք հասնում, դիմակները դրեցին ու սկսեցին փախչել, որ կադրում չհայտնվեն կամ գոնե առանց դիմակի չհայտնվեն: Այդ իսկ պատճառով էլ լուսանկարում երկուսն էլ դիմակով են:

Ես ոստիկանների վարքագծի մեջ տեսնում եմ մի քանի խախտում, այդ թվում՝ սկզբում անփութորեն, հետո միտումնավոր մեզ, այդ թվում՝ տարեց մայրիկիս վարակելու փորձ, պարետատան՝ առանց դիմակի սոցիալական հեռավորություն պահպանելու վերաբերյալ հրահանգի խախտում, դրան հետևող՝ մեզ միտումնավոր ահաբեկելու փորձ: Որպես տասներեք տարի Կոսովոյում, Ասիայում և Աֆրիկայում բանակի ու ոստիկանության բարեփոխումներով զբաղված մարդ ու սովոր լինելով համազգեստով մարդկանց հետ շփվել, նրանց կրթել ու բարեփոխել, ոստիկանների այդպիսի հանդուգն վարքագիծ հազվադեպ եմ տեսել: Այն էլ ԱԺ-ում ոստիկանության բարեփոխումների ռազմավարության ընդունման օրը:

Այս միջադեպը նաև բացատրում է, թե ինչու կարանտինը ցանկալի արդյունքների չհանգեցրեց: Փաստորեն փոխանակ ոստիկանությունը վերահսկի քաղաքացիների կողմից պարետատան սահմանած կանոնների պահպանմանը, քաղաքացին պիտի վերահսկի ոստիկանության կողմից դրանց պահպանմանը: Միաժամանակ, ոստիկանները սովոր չեն քաղաքացիական վերահսկողության ու կարծում են, որ իրենց կարելի է սահմանված կանոններ խախտել ու քաղաքացին իրենց իրավունք չունի դիտողություն անել:

Բացի այդ, միջադեպից հետո գնացինք Կասկադ և այնտեղ կային հարյուրավոր մարդիկ, որոնցից շատ քչերն էին դիմակով, չէր պահպանվում ո՛չ մի սոցիալական հեռավորություն, և ո՛չ մի հատիկ ոստիկան չտեսա: Այս ամենից հետո ստրեսի ենթարկված տուն վերադարձանք:

Հուսամ, որ վարակված չենք»: