Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 04 հուլիսի, 2020 թ.

Պաշտոնյաներին օր չի մնացել․ ի՞նչ պատիժներ կլինեն․ «Ժողովուրդ»

201
Հինգշաբթի, 28 մայիսի, 2020 թ., 08:25
Պաշտոնյաներին օր չի մնացել․ ի՞նչ պատիժներ կլինեն․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Բարձրաստիճան պաշտոնյաների համար գույքի, եկամուտների և շահերի տարեկան հայտարարագիրը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնելու ժամկետը, ըստ էության, ավարտվեց: Ինչպես հայտնի է, կառավարության որոշմամբ՝ այն նախատեսված էր մինչև այս տարվա մարտի 31-ը, սակայն հանձնաժողովը որոշեց երկարացնել այն մինչև մայիսի 31-ը: Այս հետաձգումն առաջին հերթին պայմանավորված էր նոր համակարգի ներդրմամբ և շահագործմամբ, որը լրացուցիչ խնդիրներ էր առաջացրել: Եվ չնայած արդեն ոչ աշխատանքային օրեր են, և նախատեսված ժամկետը մոտենում է իր ավարտին, այնուամենայնիվ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեղեկացրեց, որ մինչ օրս հայտարարագրման ենթակա պաշտոնյաներից ոչ բոլորն են հայտարարագրերն ուղարկել: «80 տոկոսը ներկայացրել է, մնացածն էլ այս օրերի ընթացքում կներկայացնեն: Դա օրենքի պարտավորությունն է, 31-ը վերջին օրն է, երբ կարող են ներկայացնել իրենց հայտարարագրերը: Խնդիրներ եղել են, մենք պետք է դրանք ամփոփենք, և առաջիկայում կներկայացվեն»,- նշեց Հարությունյանը:

Հանձնաժողովի նախագահի տեղեկացմամբ՝ հայտարարագիրը չներկայացնելու դեպքում օրենքով սահմանված քայլեր, պատիժներ կհետևեն։

Հիշեցնենք, որ հայտարարագիր չներկայացնելը վարչական իրավախախտում է համարվում՝ համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենքի 169.28 հոդվածի: Երկու նախազգուշացումից հետո գործը պետք է ներկայացվի դատախազություն։ Օրենքում հստակ գրված է. «Հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից նախատեսված հայտարարագրերը օրենքով սահմանված ժամկետները լրանալուց հետո՝ 30 օրվա ընթացքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գրավոր ծանուցման հիման վրա չներկայացնելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով»:

Մանրամասները՝ թերթի համարում։