Երևան`   +32 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 08 հուլիսի, 2020 թ.

«Գիտե՞ք, թե ինչու են մարդիկ հիասթափության մեջ». Արման Աբովյան

265
Չորեքշաբթի, 27 մայիսի, 2020 թ., 04:05
«Գիտե՞ք, թե ինչու են մարդիկ հիասթափության մեջ». Արման Աբովյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Գիտե՞ք, թե ինչու են մարդիկ հիասթափության մեջ:

Գիտե՞ք, թե ինչու են ավելի ու ավելի հաճախ մարդիկ հրաժարվում հնազանդվել պարետատան պահանջներին, օրինակ, դիմակներ կրելու: Ես կպատասխանեմ... ձեզ հարկավոր չէ մարդկանց մեջ մեղավորներ կամ առավել ևս տխրահռչակ «սև ուժեր» փնտրել... Նախ և առաջ իշխանություններն են մեղավոր, որ մինչ այսօր անհասկանալի, քաոսային, հակասական քաղաքականություն են վարում:

Ինչպե՞ս կարող են մարդիկ չհիասթափվել, երբ սկզբում մարդկանց ասում են, որ «կորոնավիրուսն անհեթեթություն է և վտանգավոր չէ», իսկ հետո արտակարգ իրավիճակ են հայտարարում: Ինչպե՞ս մարդիկ չկորցնեն հավատը իշխանությունների գործողությունների նկատմամբ, եթե, օրինակ, նախ ասվում է, որ դիմակներ կրելն իմաստ չունի, և հետո՝ մի երկու ամիս անց, նրանք ստիպում են մրդկանց կրել այդ նույն դիմակները: Ինչպե՞ս մարդիկ չբարկանան, երբ համավարակն երկրում ամբողջ թափով է ընթանում, տնտեսությունը փլուզվում է, տնտեսության ամբողջ ոլորտներ (օրինակ՝ զբոսաշրջությունը) ոչնչանում են, իսկ իշխանությունը նորից շարունակում է զբաղվել տարօրինակ քաղաքական խնդիրներով (օրինակ՝ Սահմանադրական դատարանի հարցը)՝ երկիրը փրկելու համար բոլոր ռեսուրսները կենտրոնացնելու փոխարեն:

Ինչպե՞ս կարող են մարդիկ չհուսահատվել, երբ իշխանությունները ձևացնում են, որ իրենք պահում են ամեն ինչ հսկողության տակ, միևնույն ժամանակ ոչ համակարգված, ինքնաբուխ քայլեր են անում և դրանով իսկ ցույց տալիս, որ իրականում չգիտեն՝ ինչ անել...»: