Երևան`   +22 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Դիմակ չկրողների մեծ մասը ցածր ինքնագիտակցություն ունի և տգետ է». Նարինե Մկրտչյան

537
Երկուշաբթի, 25 մայիսի, 2020 թ., 23:35
«Դիմակ չկրողների մեծ մասը ցածր ինքնագիտակցություն ունի և տգետ է». Նարինե Մկրտչյան

Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանում դիմակ չկրելու հիմնական պատճառները, ինձ թվում է, հետևյալն են.
1. Իշխանությունը տևական ժամանակ դիմակ չկրելու վատ օրինակ է ծառայել:
2. Հայաստանցիների զգալի մասն անկարգապահ է և՝ օրինախախտության հակված:
3. Դիմակ չկրողների մեծ մասը ցածր ինքնագիտակցություն ունի և տգետ է:
4. Դիմակների կրումը չի վերահսկվում:
5. Դիմակ չկրելով, իբր, պայքարում են Նիկոլի իշխանության դեմ այն տրամաբանությամբ, որ նախ, չեն ենթարկվում նրա հրահանգներին, երկրորդ՝ որքան դեպքերը շատ լինեն, այնքան իշխանությունը կթուլանա:

Այս և այլ պատճառներ գումարվելով՝ Հայաստանն օրըստօրե վարակակիրների նոր աճ է արձանագրում այն դեպքում, երբ աշխարհում հիմնականում նվազման միտում է նկատվում:
Պոպուլիստ կիսաընդդիմությունը դիմակի և ձեռնոցների գնման դեմ ելույթներ ունենալու փոխարեն պետք է իշխանությանը պարտադրի հետևել իր իսկ ընդունած որոշումների կայացմանը:
Պոպոլուիստ իշխանությունը պետք է խստացնի վերահսկողությունը և տուգանի բոլորին, ովքեր դիմակ չեն կրում: «Յուրաքանաչյուրի անհատական պատասխանատվությունը» չի գործում Հայաստանում. իրավիճակի պատասխանատուն միշտ էլ իշխանությունն է:

Նույնիսկ պետք է տուգանք սահմանել սոցցանցերում դիմակ կրելու դեմ պայքար մղողների դեմ: Դրանով նաև ահագին կեղծ օգտատերեր կբացահայտվեն հընթացս: Ընդհանրապես, տուգանքի չափն էլ պետք է բարձր մնար, որ մի անգամ 50-100 հազար դրամ տուգանվեին, ողջ գերդաստանով դիմակ կկրեին: Թե չէ ինչ է՝ Երևանի կենտրոնում, ցերեկվա ժամին այսօր բազում անդիմակավոր մարդիկ անվրդով քայլում էին, ծայրամասերի մասին չասեմ՝ այստեղ դիմակ կրողները սակավաթիվ են: Հանրային տրանսպորտի, տաքսիների վարորդները հիմնականում անդիմակ են կամ ծնոտին են անցկացնում դիմակը: Փոքր խանութներում վիճակը սարսափելի է: Սոցիալական տարածություն չպահելու մասին էլ չասեմ:

Պարետը լավ կանի մեկ-մեկ իր գրասենյակից դուրս գա, գոնե կենտրոնում քայլի և տեսնի, թե իր որոշումները ինչպես չեն կատարվում և չեն վերահսկվում:
Կյանքը ցույց է տվել, որ հայ ժողովրդի զգալի մասի քաղաքացիական գիտակցության վրա հույս դնելն անհույս է: Գուցե պետք է ցույց տալ վարակակիրներին՝ դեմքերը փակած, որոնք կպատմեմ իրենց պատմությունը, թեկուզ հոգեբանորեն ծանր տպավորություն թողնի: Մարդիկ պետք է առանց խուճապի մատնվելու, բայց վտանգի զգացողությունը չկորցնեն:
Հ1-ի վրա պետք է դնել քարոզչական, տեղեկատվական ողջ պատասխանատվությունը, իսկ ոստիկանության վրա՝ վերահսկողությունը:
Հակառակ դեպքում չվարակվելը լինելու է երջանիկ ու սակավադեպ պատահականություն: Մահվան թվերն էլ կաճեն:
Հայաստանում դեռ արտակարգ դրություն է, ինչը հնարավոր է դարձնում խստագույն միջոցառումներ, եթե դրանց անհրաժետություն կա: Թե չէ՝ տեղորոշման օրենքն ընդունել տվեցին, բայց վարակակիրների թիվն արագորեն աճում է: Ցանկացած իշխանություն իր իսկ որոշումների կատարումը պետք է վերահսկի: Պետք է տուգանել նախևառաջ իշխանության ներկայացուցիչներին դիմակ չկրելու դեպքում և հանրայացնել նման փաստերը:
Եթե դիմակ և ձեռնոցներ կրելը, ենթադրենք, 20 տոկոսով էլ նվազեցնում է վարակման վտանգը, դա արդեն ձեռքբերում է, իսկ մասնագետներն ասում են, որ 60-80 տոկոսով է նվազեցնում: Մենք մենակ չենք ապրում աշխարհում և միայն մեզ համար չենք ապրում: Կյանքը մեծ պարգև է, ինչու՞ եք վտանգում այն, եթե կարող եք պահպանել»: