Երևան`   +25 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 27 մայիսի, 2020 թ.

29 կալանավորի խափանման միջոց փոխվել է, նրանցից մեկը ցմահ դատապարտյալ էր

365
Հինգշաբթի, 09 ապրիլի, 2020 թ., 21:30
29 կալանավորի խափանման միջոց փոխվել է, նրանցից մեկը ցմահ դատապարտյալ էր

ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի քրեական գործերով զբաղվող պաշտպանները, ղեկավարվելով քրեակատարողական հիմնարկներում պահվող պաշտպանյալների առողջության ու անվտանգության պահպանման առաջնահերթությամբ այս օրերին 100 անձի վերաբերյալ միջնորդություն են ներկայացրել ՀՀ դատախազություն և ընդհանուր իրավասության դատարաններ, և 8 վերաքննիչ բողոք՝ կալանավորումը ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով փոխարինելու միջնորդությամբ: Այս մասին տեղեկացնում է Փաստաբանների պալատը։
Միջնորդությունների և բողոքների հիմքերում հատկապես ընդգծվել է Եվրոպայի խորհրդի խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի 20․03․2020 թվականի հանձնարարականի պահանջները:

Այս հանձնարարականի իրականացումը, ի թիվս այլնի, նպատակ ունի կանխարգելելու նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) համաճարակի տարածումը ՔԿՀ-ներում:
Կալանավորումն ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով փոխարինելու վերաբերյալ ներկայացրել են 108 միջնորդությունից և վերաքննիչ բողոքից.

29-ը բավարարվել են և կալանավորումը փոխարինվել է ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով,
75-ը դեռևս գտնվում են քննարկման փուլում,
4-ը դատարանների կողմից մերժվել են:
Նշենք նաև, բավարաված միջնորդություններից մեկը վերաբերվել է ցմահ դատապարտվածի վերանայման վարույթի շրջանակում, կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց:

Հանրային պաշտպանները շարունակում են միջնորդություններ ու բողոքներ ներկայացնել իրենց մյուս պաշտպանյալների խափանման միջոցները փոփոխելու համար՝ հաշվի առնելով նրանց առողջության և անվտանգության ապահովման անհրաժեշտությունը: