Երևան`   +20 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

«Կեղտոտ լվացքի պատմությունը կրկնվում է». Արսեն Խառատյան

393
Ուրբաթ, 10 ապրիլի, 2020 թ., 05:15
«Կեղտոտ լվացքի պատմությունը կրկնվում է». Արսեն Խառատյան

«Ալիք մեդիա»-ի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կեղտոտ լվացքի պատմությունը կրկնվում է

Տարիներ շարունակ, երբ Հայաստանում ընտրություն էր կեղծվում, մարդկանց հետապնդում ու խոշտանգում էին քաղաքական հայացքների համար, ճնշվում էր խոսքի ազատությունն ու քաղբանտարկյալների պակաս չունեինք, միջազգային պարբերականներում և կառույցներում խնդիրը բարձրացնելիս մեզ մեղադրում էին հակապետական գործունեության մեջ:

Թավշյա հեղափոխությունը եկավ բացառելու «կեղտոտ լվացքը հարևանին ցույց չտալու» դեմագոգիան Հայաստանում, սակայն խնդիրը կարծես տարբեր է Արցախի պարագայում: Մասնավորապես, մարդիկ, որոնք խոսում են մարտի 31-ի ընտրությունների ընթացքում տեղ գտած խնդիրների մասին, հաճախ պիտակավորվում են որպես հակապետական, արտասահմանյան գործակալներ ու Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնողներ:

Ստացվում է, որ թույլատրելի և ընդունելի է խախտումներով ընտրություն անել, իսկ դրանց մասին բարձրաձայնելը՝ անթույլատրելի: Հնացած այս «մեղադրանքները» ոչ միայն հարիր չեն նոր իրողություններին, այլև ուղիղ հարված են հեղափոխության արժեքներին, ինչի մեջ մեզ արդեն իսկ մեղադրում են:

Ես միանշանակ կիսում եմ «Արցախը Հայաստան է և վերջ» ձևակերպումը, ուստիև՝ Արցախում կայուն և իրական ժողովրդավարություն հաստատելը պետք է լինի անքննելի առաջնահերթություն: Համոզված եմ, որ այս հարցում կոմպրոմիսներ չեն կարող լինեն, հակառակ պարագայում մենք կարող ենք կորցնել Արցախի մեր հայրենակիցների սրտերն ու փոփոխությունների հույսը:

Ի պատասխան բազմիցս հնչած փաստարկների՝ թե Արցախի պարագան տարբեր է անվտանգության խնդիրներից ելնելով, հիշեցնեմ Բենջամին Ֆրանկլինի հայտնի խոսքերը. «Նա ով զոհաբերում է ազատությունն անվտանգություն ունենալու համար, արժանի չէ ո՛չ առաջինին, ո՛չ երկրորդին»»: