Երևան`   +22 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.

Վրաստանը հրապարակել է բեռնատարների տեղաշարժի վերաբերյալ ուղեցույց

794
Ուրբաթ, 03 ապրիլի, 2020 թ., 22:05
Վրաստանը հրապարակել է բեռնատարների տեղաշարժի վերաբերյալ ուղեցույց

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Վրաստանը հրապարակել է երկրի տարածքով բեռնատարների տեղաշարժի կանոնակարգման վերաբերյալ ուղեցույց, որը ներկայացնում ենք ստորև: ՊԵԿ-ը հորդորում է Հայաստանից Վրաստան մուտք գործող բեռնատարների վարորդներին հետևել նշված կանոններին:

Օտար երկրում գրանցված բեռնատար ավտոմեքենայի տեղաշարժը Վրաստանի տարածքում պետք է իրականացվի հետևյալ պայմանների պահպանմամբ.

v Մաքսային անցակետում ընթացակարգերն ավարտելուց հետո, մինչև նշանակման վայր պետք է տեղափոխվի առանց կանգ առնելու (կանգ առնել կարելի է միայն հատուկ կազմակերպված տարածքներում (STOP POINT), քաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության պոլիս ձեռք բերելու կետերում և մաքսային անցակետում տեղակայված ավտոմեքենաների կայանատեղերում):

v STOP POINT- ներում վարորդն իրավունք ունի լրացնել վառելիքի պաշարը, ձեռք բերել ճանապարհից օգտվելու քարտ, իրեն կարգի բերել և ձեռք բերել անձնական օգտագործման իրեր/սննդամթերք:

v Ստեղծված ​​դժվարությունների դեպքում (տրանսպորտային միջոցների անսարքություն, առողջության վատթարացում և այլն) վարորդը պետք է կապ հաստատի համապատասխան ծառայությունների հետ և մինչև նրանց ժամանելը պետք է մնա ավտոմեքենայի սրահում: Այդ նպատակների համար պետք է զանգահարի Ներքին գործերի նախարարության անհետաձգելի օգնության և արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնի հեռախոսահամարին՝ 112:

v Բեռնատար ավտոմեքենան պետք է լքի Վրաստանի տարածքը.

Ø Տարանցիկ տեղափոխվելիս (բացի «Կազբեգի» սահմանային անցակետից կամ «Կազբեգիի» ուղղությամբ տեղաշարժումից)՝ երկիր մուտք գործելուց հետո 24 ժամվա ընթացքում:

Ø Այլ դեպքերում (ներառյալ «Կազբեգի» սահմանային անցակետից կամ «Կազբեգիի» ուղղությամբ տարանցիկ տեղաշարժվելը)՝ երկիր մուտք գործելուց հետո 48 ժամվա ընթացքում:

v Երաշխավորվում է, որ ֆինանսական վճարումը կատարվի անկանխիկ վճարումով (առցանց գնումներ, պլաստիկ քարտ և այլն), և օգտագործվեն անձնական պաշտպանիչ միջոցներ (բժշկական դիմակ, ձեռնոց և այլն):

v Որպես հատուկ կազմակերպված տարածքներ (STOP POINT) են սահմանված.

Ø Ուրբնիսի՝ Քարելիի շրջան, գյուղ Ուրբնիսի, կադաստրի ծածկագիր՝ 68.16.45.054:

Ø Թերջոլա՝ Թերջոլայի շրջան, գյուղ Սիքթարվա, կադաստրային ծածկագիր՝ 33.08.38.224:

Ø Գորի՝Գորիի շրջան, գյուղ Տինիսխիդի, կադաստրային ծածկագիր՝66.44.02.033:

Ø Զեստափոնի՝ Զեստափոնիի շրջան, գյուղ Արգվեթա, կադաստրային ծածկագիր՝32.03.34.211:

Ծանոթություն.

v Տեղաշարժման ժամկետների մեջ չեն նախատեսվում մաքսային ձևակերպումների համար անհրաժեշտ և մաքսային ձևակերպումների կետերի մոտ կազմակերպված ավտոկայանատեղիներում կանգնելու ժամանակահատվածները:

v Վերոհիշյալ կանոնների խախտման համար (բացի երաշխավորությունները չկատարելուց, կամ այն դեպքից, երբ եղանակային պայմանները կամ այլ արտաքին գործոններ դժվարացնում և (կամ) անհնարին են դարձնում սահմանված պայմանների կատարումը) ավտոտրանսպորտային միջոցի վարորդը տուգանվում է 3 000 լարիով: Ինչպես նաև, եթե ​​խախտումը կապված է տեղաշարժման ժամկետների հետ, ապա տրանսպորտային միջոցը պետք է անհապաղ լքի Վրաստանի տարածքը, հակառակ դեպքում վարորդը կտեղափոխվի 14-օրյա կարանտին, և տրանսպորտային միջոցը կտեղափոխվի տուգանային հրապարակ: