Երևան`   +23 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Արցախի ընտրությունների ժամանակ քվեաթերթիկը լուսանկարելու դեպքերի առթիվ հարուցվել է 7 քրգործ

528
Ուրբաթ, 03 ապրիլի, 2020 թ., 21:55
Արցախի ընտրությունների ժամանակ քվեաթերթիկը լուսանկարելու դեպքերի առթիվ հարուցվել է 7 քրգործ

Մարտի 31-ին Արցախում կայացած համապետական ընտրությունների ընթացքում ընտրողների կողմից քվեաթերթիկը լուսանկարահանելու դեպքերի առթիվ հարուցվել է 7 քրեական գործ: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ Դատախազության լրատվության ծառայությունից։

«Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակ» խորհրդատվական հասարակական կազմակերպության հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել նաև Հադրութի շրջանի Տումի համայնքում այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ: Երկու քրեական գործ է հարուցվել նաև Մարտունու շրջանում արձանագրված՝ քվեախցիկում միաժամանակ երկու անձի գտնվելու և, հետևաբար, քվեարկության գաղտնիությունը խախտելու դեպքերի առթիվ: Հիշյալ քրեական գործերն, ըստ քննչական ենթակայության, ուղարկվել են ԱՀ քննչական կոմիտե՝ նախաքննություն իրականացնելու համար:

Դատախազությունում ստեղծված աշխատանքային խումբը շարունակում է զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկումը, որի շրջանակում առերևույթ հանցագործության հատկանիշների վերաբերյալ տեղեկատվություն պարունակող հրապարակումների գրանցման և ընթացքավորման արդյունքների վերաբերյալ կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն:

ԱՀ Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ կոմիտեում վարույթ են ընդունել՝ մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների ու ազատությունների դեմ ուղղված հանցագործությունների հատկանիշներով հարուցված շուրջ հինգ քրեական գործեր, որոնց վերաբերյալ իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ։ Քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է։