Երևան`   +11 °C
Այսօր`   Երեքշաբթի, 26 մայիսի, 2020 թ.

«Քառօրյայի պատասխանատուներին պետք է ժողովուրդը բերի ԱԺ». Արտակ Գալստյան

209
Հինգշաբթի, 02 ապրիլի, 2020 թ., 16:30
«Քառօրյայի պատասխանատուներին պետք է ժողովուրդը բերի ԱԺ». Արտակ Գալստյան

Դատական փորձագետ Արտակ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քառօրյայի պատասխանատուներին պետք է ժողովուրդը բերի ԱԺ

Այսօր ապրիլյան քառօրյայի տարելիցն է: Քառօրյա, որ տարավ մեզանից 100-ից ավել երիտասարդ հերոսների կյանք և 800 հեկտար հող, որն ազատագրվել էր 90-ականների մեր հերոսների արյան գնով:

Մինչև օրս այս դավաճանության մեղավորները բացահայտված և պատժված չեն:

Մինչև օրս ապրիլյան քառօրյայի հիմնական պատասխանատուներ ՀՀ նախկին նախագահ, նախկին գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը և ՀՀ ԶՈւ նախկին Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը բացատրություն չեն տվել, թե ինչպես դա հնարավոր եղավ, ինչո՞ւ զոհվեցին մեր զինվորները, ինչո՞ւ նրանցից մարտից առաջ հավաքվեց ռազմամթերքը, ինչո՞ւ տանկերում վառելիք չկար, ինչո՞ւ դիրքերում սնունդ չկար, ինչո՞ւ ազերիների հարձակման մասին հակահետախուզության տվյալներն ստանալուց հետո ոչինչ չի ձեռնարկվել և ի՞նչ նպատակով: Մինչև օրս ՀՀ ԶՈւ նախկին Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը բացատրություն չի տվել, թե՞ որտեղ է եղել նա ապրիլի 1-ի լույս երկուսի գիշերը, այն դեպքում երբ Արցախում գիշերը ժամը 1:15-ին արդեն իսկ տեղի է ունեցել անվտանգության խորհրդի նիստ, իսկ Խաչատուրովը ՊՆ է ժամանել մոր երկու ժամ անց՝ գիշերը 3:15-ի կողմերը: Որպեսզի հետագայում բացառվի ապրիլյան քառօրյայի կրկնությունը, այսօր հանրությունը պետք է ստանա այս հարցերի պատասխանները և մեղավորները պետք է պատժվեն:

Հենց այս հարցերը պարզելու համար էլ ԱԺ-ում ստեղծվեց ապրիլյան քառօրյայի դեպքերը հետաքննող ԱԺ քննիչ հանձնաժողով, որի ղեկավարումն ստանձնեց ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

Սակայն, ինչպես պարզվեց ՀՀ նախկին նախագահ, նախկին գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը և ՀՀ ԶՈւ նախկին Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը, ովքեր որ հանդիսանում են ապրիլյան քառօրյայի հիմնական պատասխանատուները և վերը նշված հարցերի հիմնական հասցեատերերը, խուսափում են ներկայանալ ԱԺ և տալ բացատրություններ, դրանով իսկ ստեղծելով հիմնավոր կասկած, որ իրենք հանրությունից թաքցնելու փաստեր ունեն և առերևույթ խոչընդոտում են ապրիլյան քառօրյայի բացահայտմանը:

Ըստ հավաստի լուրերի՝ ԱԺ-ն պատրաստվում է օրենսդրական փոփոխություն կատարել, որով սահմանվելու է քննիչ հանձնաժողովին ներկայանալուց և բացատրություն տալուց խուսափող անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու և նրանց բերման ենթարկելու մեխանիզմները:

Բայց կարծում եմ, որ մինչև այդ փոփոխության կատարումը, ապրիլյան քառօրյայի զոհերի իրավահաջորդները, որն իմ կարծիքով հենց հայ ժողովուրդն է, պետք է իրենք պահանջեն, որ Սերժ Սարգսյանը և Յուրի Խաչատուրովը ներկայանան ԱԺ և բացատրություններ տան ապրիլյան քառօրյա կոչված, հայրենիքի դավաճանությունը, իրենց կողմից թույլ տալու իրական դրդապատճառների մասին: Գտնում եմ, որ ապրիլյան քառօրյայի իրական պատճառների բացահայտումը դուրս է միայն ԱԺ քննիչ հանձնաժողովի իրավասությունից, դա ամբողջ հայ ժողովրդի խնդիրն է, այնպես ինչպես մեծ եղեռնի ճանաչումը»: