Երևան`   +13 °C
Այսօր`   Կիրակի, 05 ապրիլի, 2020 թ.

«Մենք իրավական մտքի անկման ականատեսն ենք». Հայկ Ալումյան

119
Երեքշաբթի, 24 մարտի, 2020 թ., 15:55
«Մենք իրավական մտքի անկման ականատեսն ենք». Հայկ Ալումյան

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանը միջնորդություն է ներկայացնելու Վերաքննիչ դատարան:

Փաստաբանը հայցով պահանջում է, որ Վերաքննիչ դատարանը Եվրոպական կոնվենցիային հակասող ճանաչի առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը՝ չքննել խափանման միջոցի վերաբերյալ պաշպանների կողմից ներկայացված միջնորդությունը, քննի այդ միջնորդությունը և բավարարի այն:
Ըստ Ալումյանի՝ ՀՀ օրենսդրությունը չի նախատեսում նորմ, որով Առաջին ատյանի դատարանը գործը չքննելու դեպքում բողոքարկվի այլ ատյանի դատարան: Եվրոպական կոնվենցիան, սակայն, սահմանել է, որ եթե առաջին ատյանի դատարանը չի քննում խափանման միջոցի հետ կապված միջնորդությունը, խախտվում է Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետը. «Հետևաբար պետությունը մեզ պետք է տրամադրի այդ խախտումից արդյունավետ պաշտպանության միջոց, որը մեր պարագայում Վերաքննիչ դատարանն է: Այսինքն՝ վերաքննիչ դատարանը պետք է քննի մեր բողոքը»,- ասաց Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Ալումյանը:
Նա պնդեց, որ եթե հիմա գրավով ազատ արձակված որևէ անձ փախուստի փորձ աներ, և այն կանխվեր, ապա դատախազությունը կդիմեր դատարան անձին կալանավորելու միջնորդությամբ, անպայման կհայտնվեր այն դատավորը, որը գործը կքններ և կալանավորելու որոշում կկայացներ. «ՀՀ-ում անհապաղ է համարվում ավելի շատ անձին կալանավորելու, քան ազատ արձակելու միջնորդությունը»,- ընդգծեց փաստաբանը:
Ալումյանն անտրամաբանական ու օրենքի հետ ոչ մի առնչություն չունեցող տեքստ որակեց ԲԴԽ նախագահի կողմից Փաստաբանների պալատին ուղղված դիմումը, որով առաջարկվում է կարգապահական պատասխանատվության ենթարկել «Մարտի 1»-ի գործով ամբաստանյալներ, Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և 2008-ին պաշտպանության փոխնախարար Յուրի Խաչատուրովի փաստաբաններից մի քանիսին։
Խոսքը հասցեագրելով ԲԴԽ նախագահ Ռ. Վարդազարյանին՝ փաստաբանը նկատեց. «Դուք պատկերացնո՞ւմ եք այն դժբախտներին, ով դժբախտություն է ունեցել այս մարդու մոտ ամբաստանյալի կարգավիճակով դատվել: Այս մարդը դատավոր է աշխատել, դատարանի նախագահ է եղել, սակայն փաստաբանի՝ դատական նիստերից դուրս դատախազի աթոռին նստելը դատախազի համար վիրավորական է համարում: Դուք պատկերացնո՞ւմ եք այս մարդու պատկերացումը արդարադատության վերաբերյալ»:
Նա հիշեցրեց, որ ժամանակին իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը համացանցում մի լուսանկար էր տեղադրել, որտեղ ինքը նստել էր ԱՄՆ դաշնային դատարաններից մեկի դատավորի աթոռին:
«Մենք իրավական մտքի անկման ականատեսն ենք»,- ասելիքն ամփոփեց Հայկ Ալումյանը: