Երևան`   +13 °C
Այսօր`   Կիրակի, 05 ապրիլի, 2020 թ.

Բաբաջանյանը դիմում է գործարարներին, ֆիզիկական անձանց և համաքաղաքացիներին

120
Երեքշաբթի, 24 մարտի, 2020 թ., 14:25
Բաբաջանյանը դիմում է գործարարներին, ֆիզիկական անձանց և համաքաղաքացիներին

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կոչ մեր գործարարներին, ֆիզիկական անձանց և համաքաղաքացիներին

Կորոնավիրուսի համավարակի տարածմամբ պայմանավորված արտակարգ դրության պայմաններում հանրապետության բոլոր կրթական հաստատություններն անցել են հեռավար ուսուցման։ Թեև դա ստեղծված իրավիճակում ամենաարդյունավետ լուծումն է, որը հնարավորություն է տալիս շարունակել ուսումնական գործընթացը, այդուհանդերձ առաջացրել է մի շարք խնդիրներ։

Բանն այն է, որ հեռավար ուսուցման գործընթացին մասնակցելու համար աշակերտներն ու ուսանողները պետք է անհրաժեշտաբար ունենան համապատասխան տեխնիկական միջոցներ՝ համակարգիչներ կամ գաջեթներ, ինչպես նաև՝ անխափան գործող ինտերնետ կապ։ Եթե Երևանում ու մայրաքաղաքին համեմատաբար մոտ բնակավայրերում այս խնդիրը հարաբերականորեն լուծված է, ապա բավական անհանգստացնող է իրավիճակը մարզերում, հատկապես հեռավոր գյուղական բնակավայրերում, որտեղ երեխաների մեծ մասը չունի ոչ գաջեթներ ու համակարգիչներ, ոչ էլ ինտերնետ կապ։

Իսկ դա նշանակում է, որ այս օրերին մեծ թվով երեխաներ ու պատանիներ զրկված են ուսումնական գործընթացին մասնակցելու հնարավորությունից։ Այս խնդրի լուծման նպատակով մենք մեր համախոհներով որոշում ենք կայացրել բոլոր հնարավոր միջոցներով աջակցել տեխնիկական միջոցներից ու ինտերնետ կապից զրկված մեր երեխաներին։ Այս պահին քննարկում ենք տարբեր տարբերակներ՝ սկսած ուղղակի գաջեթների հավաքագրումից, մինչև դրանց գնման նպատակով համապատասխան հիմնադրամի ստեղծում։

Կոչ եմ անում մեր բոլոր համաքաղաքացիներին, ֆիզիկական անձանց ու հատկապես գործարար համայնքի ներկայացուցիչներին արձագանքել՝ այս խնդրի լուծման ամենաարդյունավետ մեթոդները գտնելու նպատակով։

Մենք բաց ենք բոլոր առաջարկությունների համար և պատրաստ ենք քննարկել խելամիտ ցանկացած լուծում, որը հնարավորություն կտա հատկապես մարզային բնակավայրերի մեր երեխաներին ապահովել տեխնիկական միջոցներով ու ինտերնետ հասանելիություն ունեցող հեռախոսահամարներով։ Այս խնդիրը չափազանց հրատապ է, և պետք է օր առաջ գտնենք դրա լուծման ամենաարդյունավետ տարբերակները։ Տեխնիկական այս միջոցների բացակայության պատճառով ուղղակիորեն ոտնահարվում է մեր երեխաների կրթության իրավունքը, հետ մնալով ուսումնական ծրագրերից՝ նրանք խնդիր կարող են ունենալ առաջիկա կիսամյակային քննությունների հանձնման ժամանակ։

Եվս մեկ անգամ կոչ եմ անում և խնդրում եմ բոլոր նրանց, ովքեր ունեն այս պահին չօգտագործվող թեկուզ մեկ գաջեթ կամ կամ համակարգիչ, արձագանքել՝ միասին լուծելու մեր երեխաներին ուսումնական գործընթաց վերադարձնելու չափազանց կարևոր խնդիրը։

Բոլոր հարցերի համար զանգահարել 041 74 13 11 հեռախոսահամարով»: