Երևան`   +27 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Հայաստանն ամենևին պատրաստ չէ համաճարակին». Հայկ Մարտիրոսյան

313
Ուրբաթ, 28 փետրվարի, 2020 թ., 21:50
«Հայաստանն ամենևին պատրաստ չէ համաճարակին». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքան իր էջում գրել է. «Սպիտակ տունն արգելել է ամերիկյան կառավարության Ալերգիաների և Վարակիչ Հիվանդությունների կենտրոնի տնօրեն՝ ամերիկյան ամենահեղինակավոր վիրուսոլոգ Էնթոնի Ֆաուչիին խոսել՝ առանց նախագահական աշխատակազմի թույլտվության:

Նախօրեին Ֆաուչին զգուշացրել էր, որ վարչակազմի ձեռնարկած միջոցներն անբավարար են և որ կորոնավիրուսը դառնում է պանդեմիա և կարող է սարսափելի ավերներ գործել ԱՄՆ-ում և աշխարհում:

Սպիտակ տան այդ քայլը բացատրվում է ԱՄՆ-ում աստիճանաբար տարածվող խուճապային և անհանգստության մթնոլորտի՝ անխուսափելի լուրջ ազդեցությամբ՝ տնտեսության վրա: Մամուլում փաստեր են հրապարակվում, որոնք ցույց են տալիս, որ երկիրը լիովին անպատրաստ է մեծամասշտաբ աղետին, իսկ վարչակազմը սպառնալիքին լուրջ չի մոտենում:

Արդյունքում՝ վարչակազմը նախընտրում է առաջնությունը տալ տնտեսական առաջընթացին, մինչդեռ բազում մասնագետների և մամուլի կարծիքով՝ տուժում է առողջապահական անվտանգությունը:

Այս առումով Հայաստանում նույն իրավիճակն է: Տնտեսության վրա ֆիքսված և այն իրենց հաղթաթուղթ դարձուած իշխանությունները խոր թմբիրի մեջ են և չեն պատրաստում ժողովրդին դիմակայելու կորոնավիրուսին՝ որպեսզի հանկարծ «պանիկա» չառաջանա, չեն ձեռնարկում անհրաժեշտ միջոցառումների ամբողջական սպեկտրը, որպեսզի հանկարծ տնտեսական վայրէջքներ չլինեն և արդյունքում վտանգում են հանրային առողջապահական անվտանգությունը: Եվ այստեղ Առողջապահության նախարարության դերը, ամենայն հավանականությամբ, մինիմալ է: Նման կարևոր և առանցքային հարցում՝ քաղաքականության պատասխանատուն երկրի առաջին դեմքերն են:

Հայաստանը չի ձեռնարկում անհրաժեշտ բոլոր միջոցները՝ մինիմալիզացնելու վտանգը: Ընդհակառակը՝ չնայած տարբեր հայտարարություններին, մեծ հաշվով, պետությունն ամենևին պատրաստ չէ համաճարակին: Առավել պատրաստ չէ հասարակությունը:

Հուսանք՝ լայնամասշտաբ աղետը կշրջանցի Հայաստանը: Բայց Հայաստանն այս վտանգավոր պատմական փուլ մտնում է բոլորովին մերկ և անպաշտպան»: