Երևան`   +24 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Ընտրապայքարն Արցախում թեժ է լինելու». Արման Բաբաջանյան

258
Հինգշաբթի, 27 փետրվարի, 2020 թ., 00:20
«Ընտրապայքարն Արցախում թեժ է լինելու». Արման Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր մեկնարկել է մարտի 31-ին Արցախում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը։ Այս ընտրությունները Արցախի համար ունեն բազմակի կարևոր նշանակություն։ Նախ՝ առաջին անգամն է, որ նախագահական և խորհրդարանական ընտրություններն անց են կացվում համատեղ։ Նաև այդ հանգամանքով է պայմանավորված ընտրություններում նախագահի թեկնածուների ու մասնակից քաղաքական ուժերի առատությունը։

Ընտրապայքարն Արցախում, իրավամբ, թեժ է լինելու և չափազանց կարևոր է, որպեսզի այսօր մեկնարկող քարոզարշավն ընթանա օրենքի տառին ու ոգուն համապատասխան, առանց տարընթերցումների որևէ առիթի ու միջադեպի։ Արցախի ընտրությունները կենսական նշանակություն ունեն ինչպես ներքին կայունության, այնպես էլ արտաքին մարտահրավերներին դիմակայելու առումով։ Արցախն, ի բարեբախտություն բոլորիս, անցած տարիներին, տասնամյակներին պատվով է անցել բոլոր ընտրական քննությունները՝ աշխարհին ցույց տալով, որ ժողովրդավարությունը հայկական երկրորդ պետությունում գտնվում է անհամեմատ ավելի բարձր մակարդակում, քան Արցախի նկատմամբ հավակնություններ ցուցաբերող Ադրբեջանում։ Արցախյան ընտրական մշակույթն ու ավանդույթներն իրենց կայացվածությամբ ու լեգիտիմությամբ նախկինում գերազանցել են նաև հայաստանյան ընտրությունները։

Միայն 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո ստեղծված նոր քաղաքական իրավիճակում, դրանում անցկացված խորհրդարանական ընտրություններում մենք կարողացանք ընտրական մշակույթով հավասարվել Արցախին։ Հետևաբար, չափազանց կարևոր է, որպեսզի մարտի 31–ին կայանալիք ընտրություններում անկախ հաղթողներից ու պարտվողներից, Արցախը պահպանի ընտրական մշակույթի ու ժողովրդավարության այդ բարձր նշաձողը, ինչը մի կողմից կնպաստի երկրի ներքին կայունությանը, մյուս կողմից՝ կավելացնի Արցախի սուբյեկտայնությունը միջազգային հանրության շրջանում։

Այդ բաձր նշաձողի պահպանումը պետք է լինի ինչպես պետական ինստիտուտների, այնպես էլ ընտրություններին մասնակցող թեկնածուների ու քաղաքական թիմերի խնդիրն ու պատասխանատվությունը։ Ընտրություններում հաղթելու կամ պարտվելու են առանձին թեկնածուներ ու կուսակցություններ, սակայն ժողովրդավարական ու լեգիտիմ ընտրություններում լինելու է միայն մեկ հաղթող՝ Արցախի քաղաքացին։ Ուզում եմ հույս հայտնել, որ ընտրություններին մասնակցող բոլոր թեկնածուներն ու քաղաքական ուժերը ընտրապայքարին վերաբերում են հենց այս գիտակցությամբ և անելու են առավալագույնն առաջիկա ընտրություններում Արցախի ժողովրդավարական վարկանիշն էլ ավելի բարձրացնելու համար։

Ընտրություններին մասնակցող բոլոր թեկնածուներին ու քաղաքական ուժերին մաղթում եմ մրցակցային, գաղափարական, ծրագրային պայքար, իսկ Արցախի մեր հայրենակիցներին՝ ազատ, արդար ու լեգիտիմ ընտրություններ։

Կեցցե՛ ժողովրդավարական Արցախը»: