Երևան`   +17 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

«Ինչպե՞ս է ՀՀԿ-ն օգնում «այո»-ին». Գագիկ Համբարյան

355
Հինգշաբթի, 27 փետրվարի, 2020 թ., 03:20
«Ինչպե՞ս է ՀՀԿ-ն օգնում «այո»-ին». Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչպես է ՀՀԿ-ն օգնում «այո»-ին.

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից անձնական և նեղ թիմային դրդապատճառներով նախաձեռնված Սահմանադրությունում ՍԴ-ին վերաբերող կետերից մեկի փոփոխման համար սույն թվականի ապրիլի 5-ին տեղի ունենալիք անօրինական հանրաքվեում «այո»-ի հաղթանակի համար գործող իշխանություններին բավականին «աջակցում» է ՀՀԿ-ն... Այո՛, չզարմանաք, բայց հենց ՀՀԿ-ի ներկայացուցիչների գերակտիվությունն ու անտրամաբանական մոլուցքը՝ մշտապես երևալ ԶԼՄ-ում, հասարակության դեռ չկողմնորոշված, ինչպես նաև նախկիններին և ներկաներին չընդունող, բայց նախկինների վերադարձին կտրուկ դեմ հանդես եկողներին դրդում է գնալ և «այո» ասել Փաշինյանի ապօրինի նախաձեռնությանը, քանի որ մարդիկ դեռ շատ լավ հիշում են ՀՀԿ-ի, գոնե վերջին՝ 10-ամյա ապաշնորհ և, մեղմ ասած, շատ վատ կառավարման տարիները... Այո՛, շատերը դժգոհ են այս իշխանության կատարած քայլերից, իսկ ավելի ճիշտ է ասել՝ չկատարած խոստումներից, իշխանավորների տգետ և դիլետանտ լինելուց, նախորդներից ժառանգած հովանավորչությունից, վարչապետի կեղծիքներից և ապատեղեկատվություններից, գյոռմամիշաչտեսային պարգևավճարներից, բանակում տեղի ունեցող անօրինականություններից ու մարդկային զոհերից և այլն, բայց միևնույն ժամանակ այդ նույն մարդիկ նաև լավ հիշում են Սերժ Սարգսյանի կառավարման տարիները՝ բեսպրեդելը, բացահայտ հովանավորչությունը, սարսափելի մասշտաբների հասած կաշառակերությունը և իշխանավորների լկտի պահվածքը հասարակ մարդկանց նկատմամբ, կեղծված ընտրությունները, 10 հազարով գնված ձայները, տարածքային կորուստները, տնտեսության խայտառակ վիճակը, 400 հազարից ավելի մարդկանց արտագաղթը Հայաստանից և այլն...
Ես հասկանում եմ, որ ՀՀԿ-ի ինտելեկտուալ թևը փորձում է մնալ «на плаву»՝ որպես արտախորհրդարանական ակտիվ ընդդիմություն, բայց, միևնույն ժամանակ, այդ նույն ինտելեկտուալները պետք է հասկանան, որ նրանց հարազատ քաղաքական ուժը և նրա ղեկավարն այնքան վատ են ղեկավարել երկիրը, որ հասարակությունը դա չի մոռացել այս 1 տարի 10 ամսվա ընթացքում, ինչ ՀՀԿ-ն իշխանություն չէ, և երբ նրանք փորձում են քննադատել այս իշխանություններին, շատերի մոտ հակառեակցիա է սկսվում և հասարակ շարքային քաղաքացին, որը չի փայլատակում իր քաղաքական և քաղաքացիական գրագիտությամբ և որոնց գործող իշխանության ներկայացուցիչներից մեկն անվանեց անգրագետ «պողոսներ», բնազդաբար, հիշելով ՀՀԿ-ի կառավարման գոնե վերջին 10 տարիները, հակառակն է անելու, քան սպասում են նախկինները՝ այդպիսով Փաշինյանի և նրա ղեկավարած «ՔՊ»-ի ջրաղացին ջուր լցնելով...
Այնպիսի տպավորություն է, որ ՀՀԿ-ն լծվել է Փաշինյանին օգնելու՝ սպասվող հանրաքվեում համապատասխան ձայներ ստանալու համար...
Խորհուրդ կտամ ՀՀԿ-ականներին այս ընթացքում մի փոքր քիչ երևալ էկրաններին և ԶԼՄ-ներում, քանի որ դրանով աջակցում եք Փաշինյանի անօրինական «այո»-ին...
Հ. Գ. 1998-ին նախագահի պաշտոնը թողած Լևոն Տեր-Պետրոսյանը, որին պարոն Փաշինյանը դասեց ընտրակեղծարար-չարիքների շարքին, 2008-ին նորածին մանկան մաքրություն ունեցող քաղաքական գործչի կենսագրությունով կրկին մտավ քաղաքականություն... Պատահական չէ, որ 10 տարի չերևաց հասարակության աչքին... Մի բան գիտեր. ժամանակը «մաքրազերծեց» ՀՀ առաջին նախագահի կառավարման տարիների գրեթե բոլոր բացասական երևույթները՝ քաղաքական սպանություններից սկսած մինչև ոստիկանական բանդաների բեսպրեդելը, ցուրտ և մութ տարիների սարսափները, տնտեսության ոչնչացումը, կաշառակերությունը և այլն...»: