Երևան`   +17 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Իրանի առողջապահության փոխնախարարը հայտարարել է, որ վարակվել է կորոնավիրուսով». Հայկ Մարտիրոսյան

274
Չորեքշաբթի, 26 փետրվարի, 2020 թ., 00:40
«Իրանի առողջապահության փոխնախարարը հայտարարել է, որ վարակվել է կորոնավիրուսով». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքան իր էջում գրել է. «Իրանի առողջապահության փոխնախարարն իր տարածած տեսանյութում հայտարարել է, որ ինքը վարակվել է կորոնավիրուսով և որ կարծում է, որ Իրանում դեռ շատ-շատերը կվարակվեն: Ըստ հարևան, բարեկամական Հայաստանի ժողովրդի բնորոշման՝ նա նողկալի, սարսափելի, անընդունելի, հանցավոր և անտեղի «պանիկա» է սերմանել սեփական ժողովրդի մեջ: Եթե փոխնախարարը լիներ Հայաստանում՝ նրան դրա համար կորոնավիրուսով հանդերձ կկախեին, որովհետև չի կարելի «պանիկա» սերմանել, վախեցնել: Պետք է, ուղղակի անհրաժեշտ է՝ վիրուսի և մահացու համաճարակի դեմ պայքարել հայկական զսպվածությամբ, քաջությամբ, համբերատարությամբ և լռությամբ: Միաժամանակ պետք է վիրուսի դեմ զինվել լավատեսությամբ և հույսը դնել սեփական կառավարության և կառավարության ղեկավարի իմաստուն հակավիրուսային քաղաքականության վրա: Հակառակ պարագայում դա զազրելի դիվերսիա է սեփական ժողովրդի դեմ և պետք է պարսավվի բոլոր հարթակներում:

Չնայած, ըստ հայկական պատկերացումների՝ անընդունելի հայտարարության՝ իրանցիները, գեղեցիկ օտարամոլ ռուսերենով՝ «պանիկայի»՝ իսկ գեղեցիկ մայրենի հայերենով՝ «խուճապի» չեն մատնվել: Ուղղակի այդ հայտարարությունից հետո թե՛ նախարարությունը և թե՛ հասարակությունը խստացրել են կանխարգելիչ միջոցառումները:

Հարևան Հայաստանում այդ մասին դեռևս տեղյակ չեն, որովհետև պայքարում են առավել վատ հիվանդության՝ «պանիկավիրուսի» դեմ, իսկ կորոնավիրուսը Հայաստանին չի սպառնում: Հերոսական հայ հասարակությունը՝ իր վարչապետի «դուխով» հակակորոնավիրուսային քաղաքականությամբ՝ «դուխով» անտեսում է կորոնավիրուսի ներթափանցման վտանգը և վստահ է, որ այն իրեն կշրջանցի:

Իսկ ԱՄՆ-ի տաք անկյուններում համակարգչի առջև նստած «պանիկա» տարածող ընդդիմադիրները շարունակում են ստանալ «հակապանիկյոր» տասնյակ խարազանիչ և դատապարտող հաղորդագրություններ, բայց չնայած դրան՝ շարունակում են անտեղի և անամոթաբար, որպես գեղեցիկ ռուսերենով բառով ասված՝ «աբիժնիկներ»՝ խաթարել սեփական ժողովրդի հանգիստ քունն ու հոգեկան խաղաղությունը:

Կորոնավիրուսն աշխարհից ազատելու համար՝ այդպիսի մարդկանց խարազանողներին անհրաժետ է ասել ԱՅՈ՛»: