Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

««Մյունխենյան սկզբունքների» մեջ արտահայտված չէ որևէ բան, որը վերափոխում է մեր դիրքորոշումը». ԱԳ նախարար

309
Երկուշաբթի, 24 փետրվարի, 2020 թ., 16:15
««Մյունխենյան սկզբունքների» մեջ արտահայտված չէ որևէ բան, որը վերափոխում է մեր դիրքորոշումը». ԱԳ նախարար

«Վարչապետի կողմից արտահայտված «Մյունխենյան սկզբունքները» համապարփակ կերպով արտահայտում են այն, ինչի մասին խոսվեց Մյունխենում: Մյունխենյան սկզբունքների» մեջ արտահայտված չէ որևէ բան, որը վերափոխում է մեր ձևավորած դիրքորոշումը ԼՂ հարցի կարգավորման ընդհանուր փաթեթի մեջ». փետրվարի 24-ին Սլովակիայի իր պաշտոնակցի հետ համատեղ ասուլիսում այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Ըստ նրա՝ սկզբունքներում ԼՂ կարգավիճակի հարցը չի անտեսվում: Դա մնում է կայուն, արտահայտված է տարբեր ձևաչափերում ու ձևերով, մյունխենյան սկզբունքները համալրում են այն մոտեցումները, որոնք կայուն են:

ԱԳ նախարարի պնդմամբ՝ Հայաստանը եղել և մնում է խստորեն հավատարիմ հարցի խաղաղ կարգավորմանը՝ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում, և այդ շրջանակում շարունակելու է աշխատել այնպիսի լուծումների համար, որոնք, ինչպես վարչապետ Փաշինյանն էր ասել, ընդունելի են բոլոր կողմերի համար, բոլոր ժողովուրդների համար, որը նշանակում է փոխզիջում:

«Իսկ փոխզիջումը նշանակում է ճանապարհ, որն ունի ուղղություն, և միակողմանի զիջումների մասին որևէ խոսք երբևէ չի կարող լինել: Մեզ համար ամենասուր հարցերը եղել և մնում են Լեռանյին Ղարաբաղի մեր հայրենակիցների ռեալ, իրական անվտանգության համակարգի ապահովումը, որից էլ բխում է կարգավիճակի խնդիրը»,- նշեց Զ. Մնացականյանը: