Երևան`   +20 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

45 տարեկանը լրանալուց հետո զինծառայության անցած քաղաքացիների ստաժը կհաշվարկվի զինվորական կենսաթոշակ նշանակելիս

339
Երեքշաբթի, 25 փետրվարի, 2020 թ., 04:20
45 տարեկանը լրանալուց հետո զինծառայության անցած քաղաքացիների ստաժը կհաշվարկվի զինվորական կենսաթոշակ նշանակելիս

Մի շարք նախկին զինծառայողներ խնդրել են Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը զինվորական կենսաթոշակ ստանալու հարցում:

Դիմումով քաղաքացիները տեղեկացրել են, որ տարիներ շարունակ զինված ուժերից արձակվելուց հետո Պաշտպանության նախարարությունը մերժել է զինվորական կենսաթոշակի նշանակումը՝ պատճառաբանելով, որ զինվորական ծառայության անցնելիս իրենց սահմանային 45 տարեկանը լրացած է եղել:

Բարձրացված խնդրի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ, գրություններ են հասցեագրվել Պաշտպանության նախարարություն:

Քննարկման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի գրությունը հաշվի առնելով, Պաշտպանության նախարարությունը որոշում է կայացրել սահմանային տարիքը լրանալուց հետո փաստացի զինվորական ծառայության մեջ գտնվելու ժամանակահատվածը ևս օրացուցային հաշվարկով հաշվառել զինծառայողին երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ զինվորական ծառայության ստաժում:

Արդյունքում, զինծառայողներիբարձրացրած համակարգային խնդիրը Պաշտպանի աջակցությամբ լուծում է ստացել: Ավելին, Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ զինվորական կենսաթոշակ են ստացել նաև նմանատիպ հարցով նախկինում մերժում ստացած քաղաքացիները:

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է Պաշտպանության նախարարության հետ համագործակցությունը զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության հարցում: